8 րոպեի ընթերցում
Գիտության փառատոնը սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակ այցելող յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա ծանոթանալ Հայաստանի գիտական ոլորտի ներուժին, նվաճումներին ու զարգացման հեռանկարներին։ Հետաքրքրասերները ոչ միայն կհայտնվեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհում, այլև կկարողանան մասնակցել փոքրիկ գիտափորձերի, ինչը, վստահաբար, կոգևորի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որն անցկացվում է «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» միջոցառման շրջանակում և կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը, մեկնարկն ազդարարեց սեպտեմբերի 30-ին։
Բացմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծեց, որ «Գիտության շաբաթ»-ը անցկացվում է պետություն-մասնավոր հատված-գիտական համայնք-գիտահետազոտական ինստիտուտներ համագործակցությամբ։ «Սա վկայում է այն մասին, որ երբ մեկտեղում ենք մեր ջանքերը, արդյունքը շոշափելի է դառնում։ Սա միջազգային ձևաչափ է և ուղղված է գիտության հանրայնացմանը։ Այն նպաստում է գիտության մասին իրազեկվածության բարձրացմանը, նպատակ ունի խրախուսել երիտասարդներին, դպրոցականներին, ավելի փոքր երեխաներին հետաքրքրվել գիտությամբ»,- ասաց նախարարը։
Անդրեասյանն ընդգծեց՝ «Գիտության շաբաթ»-ը ընդգրկում է ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը։ «Սպասվում են նախագծային աշխատանքներ, գիտափորձեր, տարբեր քննարկումներ։ Ամբողջ շաբաթ ապրելու ենք գիտությամբ»,- նշեց նախարարն ու տեղեկացրեց՝ առաջիկայում հանրային քննարկման են ներկայացնելու Գիտության զարգացման ռազմավարության նախագիծը, որում նման միջոցառումներն ու ձևաչափերը կարևոր տեղ են զբաղեցնելու։
«Գիտության շաբաթ»-ի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանի խոսքով՝ շաբաթի կազմակերպիչ «Գիտուժ» նախաձեռնության հիմնական նպատակը գիտության հանրահռչակմանը նպաստելն է։ «Փառատոնը հարթակ է, որը միտված է հանրության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչի համար է գիտությունը, ինչով են զբաղվում գիտնականները, ինչ վիճակում է գիտությունը Հայաստանում, ինչ գիտական ինստիտուտներ կան մեր երկրում։ Այն նաև առաջարկում է երիտասարդներին, պատանիներին ապագայում իրենց մասնագիտական կյանքը կապել գիտության հետ»,-շեշտեց Գասպարյանն ու հիշեցրեց, որ առաջին փառատոնն անցկացվել է նախորդ տարի և ունեցել է ավելի քան 20 հազար այցելու։
2024-ին փառատոնին զուգահեռ ապակենտրոնացված միջոցառումներ են անցկացվել մանկապարտեզներում և դպրոցներում։ Այս տարի այդ ամենին միացել են միջոցառումները, որոնք անցկացվում են թանգարաններում, մշակութային այլ հաստատություններում. ֆիլմերի ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ և այլն։
Նպատակ ունեն այցելուների թիվը հասցնել 50 հազարի և ապագայում գիտությանը նվիրված փառատոններ նախաձեռնել նաև մարզերում։
Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։ Նրանցից է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։
Լաբորատորիայի կրթական հարցերով պատասխանատու Արևհատ Նաջարյանն ասաց, որ երկրորդ անգամ են մասնակցում փառատոնին, քանի որ նախորդ տարվա մասնակցության արդյունքները գոհացուցիչ են եղել, սպասելիքներն արդարացրել են։
«Մենք ձգտում ենք տաբեր տարիքի երեխաների մեջ սեր սերմանել բնական գիտությունների նկատմամբ, որովհետև ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նկատմամբ հետարքրքությունը մի փոքր հետընթաց է ապրել, ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի մեր ապագան ապահով ձեռքերում լինի, իսկ ապահովությունն ու ապագան գիտության մեջ են»,- հավաստիացրեց նա։
Նաջարյանի խոսքով՝ նման նախաձեռնությունների մասնակցելիս միշտ ներկայացնում են գիտափորձերի մակետներ, որպեսզի իրենց տաղավարին մոտեցող յուրաքանչյուր մարդ՝ տատիկ, թե երեխա հնարավորություն ունենա մասնակցելու գիտափորձերին, շոշափելու արդյունքները։ «Այստեղ ենք բերել մեր արտադրության ազոտը, որով կրակ ենք անում, բացատրում ենք օդի փոխազդեցությունը հեղուկ ազոտի հետ, կամ պաղպաղակ ենք պատրաստում, փորձում ենք փուչիկը սառեցնել և երեխաներին բացատրել նյութի ագրեգատային փոփոխությունը և այլն։ Բլից հարցերի միջոցով ստուգում ենք գիտելիքները, նվերներ տալիս ու շահագրգռում փորձել գիտելիքները գիտության ոլորտում»,- պատմեց նա։
Արևհատ Նաջարյանը հիշեցրեց՝ լաբորատորիայի ստեղծման տարիներին տիեզերական ճառագայթների հետազոտություններն աշխարհի մասշտաբով շատ կարևոր էին, և առաջին հետազոտությունը լաբորատորիայի գիտնականներն են կատարել Արագածում, հետո ինստիտուտի տարածքում արագացուցիչ են կառուցել, որը Հայաստանում կրթության և գիտության զարգացման հիմք է դարձել։ «Մեր գիտնականները կապ են ստեղծել Հայաստանի և աշխարհի տարբեր գիտահետազոտական կենտրոնների հետ, ինչը հիմք է հանդիսացել, որ մեր երիտասարդները հնարավորություն ունենան մեկնել արտերկիր, մասնակցել գիտահետազոտական աշխատանքների և հոդվածներ տպագրել։ Մեր տաղավարում այն երիտասարդ հետազոտողներն են, որոնք ասպիրանտ են, հայցորդ են, թեկնածու են։ Մասնակցում են նման միջոցառումների, որ կարողանան կրտսեր սերնդին պրոպագանդել գիտությունն իր ողջ հմայքով ու տանել այն ճանապարհով, որոնք մենք ենք գնացել»,- ընդգծեց Նաջարյանը։
Տաղավարներից մեկում հնարավոր է գտնել Իլյուզիաների թանգարանի ներկայացուցիչներին։ «Մեր թանգարանում այցելուները ոչ միայն զվարճանում են, այլև գիտելիքներ են ստանում։ Մեզ մոտ կա գիտական սրահ, որը մանրամասն և մատչելի լեզվով ներկայացնում է ֆիզիկային վերաբերող նորությունները, ծանոթացնում է նոր սարքավորումներին։ Այստեղ՝ մեր տաղավարում, ցուցադրում ենք ֆերո հեղուկը, որն արձագանքում է ձայնին։ Այն ունի մանր մագնիսական մասնիկներ. երբ մենք խոսում ենք, այն արձագանքում է ձայնին ու տարբեր շարժումներ է կատարում, երբ մագնիսը մոտեցնում ենք, այն հավաքվում է մագնիսի շուրջ»,- պատմեց Իլյուզիաների թանգարանի Երևանի մասնաճյուղի մենեջեր Ջուլիա Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ փառատոնը մարդկանց հնարավորություն է տալիս տեղեկացված լինել, ծանոթանալ նորությունների և հարստացնել գիտելիքները։
Գիտության փառատոնի թեմատիկ բաժիններն են՝
- Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից:
- Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
- Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
«Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։