ՀԱՆ-ի հետ համագործակցությամբ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը վերապատրաստումներ է իրականացնում հայ բժիշկների համար
5 րոպեի ընթերցում
Վերապատրաստման ծրագրերի շրջանակում Հայկական ակնաբուժության նախագծի հետ համագործակցությամբ ակտիվ կապ է պահպանվում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և Հայաստանի մանկաբույժների միջև։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին, որը Հայաստանում է Հայկական ակնաբուժության նախագծի 65-րդ բժշկական առաքելության շրջանակում։
«Հայաստանում 15 տարի առաջ մեկնարկեցինք մի ծրագիր, որի շրջանակներում հայ բժիշկներին, մասնավորապես ակնաբույժներին սկսեցինք վերապատրաստել և սովորեցնել ինչպես ախտորոշում կատարել և հայտնաբերել անհասության ռետինոպաթիան, որն անհաս ծնված երեխաներին կուրության տանող հիվանդություն է։ Այնուհետև մենք Երևանում սկսեցինք իրականացնել քառօրյա դասընթացների շարք։ Այդ ընթացքում հասկացանք, որ չորս օրը բավականաչափ ժամանակ չէ, որպեսզի կարողանանք բժիշկներին վերապատրաստել։ Հայկական ակնաբուժության նախագծի հովանավորությամբ ու ֆինանսական միջոցներով կարողացանք գնել երկու սարքավորում, որոնցով հնարավոր էր նկարահանել Երևանում անհաս ծնված բոլոր երեխաների աչքի հատակը։ Ամեն շաբաթ մեր գործընկերները ներբեռնում էին այս լուսանկարները համացանց, որպեսզի տեսնեին, թե ինչ ախտորոշում է տրվում։ Մենք Լոս Անջելեսում ուսումնասիրում էինք այս նկարները և գալիս եզրակացության, թե արդյոք այս երեխաների մոտ խնդիր առկա է։ Այսպիսով մենք, կարծես, այնպիսի վերապատրաստում իրականացրեցինք հայ բժիշկների համար, ինչպես կլիներ, եթե նրանք գտնվեին Լոս Անջելեսում։ Մեկ տարվա ընթացքում հայ բժիշկները հասան մասնագիտացման այնպիսի մակարդակի, ինչպիսին այդ պահին Միացյալ Նահանգներում փորձառություն ունեցող բժիշկներն էին ախտորոշման բնագավառում»,- ներկայացրեց ամերիկացի բժիշկը։
Նրա խոսքով՝ դեռևս 2010-2011 թվականներին իրականացված այդ ծրագիրը աննախադեպ էր աշխարհում։
«Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ տեխնոլոգիան օգտագործվեց, որպեսզի վերապատրաստում իրականացվի։ Դա մեզ համար հայտնագործություն էր և հնարավորություն տվեց պատկերացում կազմել, թե ինչպես կարելի է վերապատրաստել մասնագետներին արտերկրում, մասնավորապես՝ Հայաստանում, վերապատրաստել այնպես, ինչպես տանը լինելու դեպքում»,-ասաց Թոմաս Լին՝ հավելելով, որ տեխնոլոգիան կիրառելու մոտեցումն այնուհետև շարունակվեց նաև վիրահատությունների համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով։
«Նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գործող վիրահատարանից անմիջապես վիրաբուժության ժամանակ հատուկ տեխնոլոգիայի միջոցով կապ հաստատվեց Լոս Անջելեսի հետ՝ համապատասխան արձագանք ստանալու համար։ Այսպիսով մենք կարողացանք իրական ժամանակում վիրաբույժներին աջակցել՝ իրականացնելու վիրահատություն Հայաստանում այն պարագայում, երբ մենք Լոս Անջելեսում էինք։ Դա նույնպես աշխարհում նախկինում երբեք տեղի չէր ունեցել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համագործակցությամբ բժիշկների վերապատրաստումները ներկայում արդեն ընդլայնվել են՝ դուրս գալով ակնաբուժական շրջանակից։
Ըստ Լիի՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը Միացյալ Նահանգների ամենամեծ մանկական հիվանդանոցներից է, որտեղ ավելի քան 500 բժիշկ է աշխատում։
«Մենք օգտագործեցինք տեխնոլոգիան, որպեսզի Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի բժիշկները կարողանան վերապատրաստում իրականացնել հայ մանկաբույժների հետ։ Շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի հայ մանկաբույժները վերապատրաստում անցնեն Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի իրենց գործընկերների կողմից տրամադրված նյութերով»,-ասաց Թոմաս Լին՝ հիացմունքով ընդգծելով Հայկական ակնաբուժության նախագծի հետ 15-ամյա համագործակցությունը։
Նա ասաց, որ այդ համագործակցությամբ ստեղծվել է վերապատրաստման Մանկաբուժական առցանց կրթական հարթակ (OPEN), որը ինքնակրթության եզակի հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ Հայաստանից հարթակին միացած բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար: