Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում շեշտել է խոշտանգումների կանխարգելման և խտրականության դեմ պայքարի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Ժնևում սեպտեմբերի 25-ին ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) արդյունքների քննարկման շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, պաշտպանը ներկայացրել է հաստատության դերը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում՝ ընդգծելով մի շարք առաջնահերթություններ։ 

Մասնավորապես, Մանասյանը կարևորել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի բացառման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ առերևույթ խոշտանգման դեպքերի քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ։ Չնայած որոշակի առաջընթացին, պաշտպանի գնահատմամբ՝ դեռևս առկա են չափորոշիչների պահպանման բացեր, ինչը լուրջ զարգացման կարիք ունի։

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև խտրականության դեմ պայքարին՝ նշելով, որ հաստատությունը վերջին շրջանում ընդլայնել է իր կարողությունները այս ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ոլորտում առկա են մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում են համակարգային քայլեր։

Նա նաև ներկայացրել է գրավոր հայտարարություն՝ նվիրված Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքներին, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում