Կրթություն

Լրացուցիչ ֆինանսավորում դպրոցներին. հիմք է ընդունվելու ուսումնական հաստատությունների կատարողականը

5 րոպեի ընթերցում

Լրացուցիչ ֆինանսավորում դպրոցներին. հիմք է ընդունվելու ուսումնական հաստատությունների կատարողականը

Հանրապետության դպրոցները լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորություն կունենան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում, գնահատելով դպրոցների կատարողականը, կտրամադրի լրացուցիչ ֆինանսական միջոցներ կոնկրետ զարգացման ծրագրերի համար։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործընթացը իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը վերաբերում է բարձր կատարողական ունեցող դպրոցներին։ Նախապես հայտարարվելու է մրցույթ, որին մասնակցելու համար դպրոցները կարող են դիմել։ Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ դպրոցները մրցույթին մասնակցելու համար պետք է համապատասխանեն ԿԳՄՍՆ-ի ներկայացրած չափանիշներին։  

«Նվազագույն պահանջներից է այն, որ դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50 տոկոսից, տարակարգ ունեցող ուսուցիչների 20 տոկոսից ավելի ցուցանիշ, մրցույթներին, օլիմպիադաներին մասնակցություն և այլն»,-ասաց Թամարա Սարգսյանը։ 

Ծրագրի իրագործման հետ կապված որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ Մրցույթը հայտարարելուց հետո մինչև 2026 թվականի հունիսի 30-ը սահմանված չափանիշներին համապատասխանող դպրոցները կարող են մասնակցության հայտ ներկայացնել՝ հիմքում ունենալով 1 զարգացման նորարարական ծրագիր՝ իր ֆինանսական նախահաշվով։ Յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ներկայացնել միայն 1 զարգացման ծրագիր։ Նախարարությունում ձևավորված հանձնաժողովը ընտրում է մինչև 20 ուսումնական հաստատություն։ Դրանք էլ արդեն կարող են լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալ յուրաքանչյուր ծրագրի համար մինչև 10 մլն դրամի չափով։  

«Դպրոցները ծրագրեր ներկայացնելիս՝ պետք է նկատի ունենան այն, որ դրանք չպետք է վերաբերեն կապիտալ ծախսերին։ Ներկայում պետությունը բազմաթիվ ծրագրեր ու լայնածավալ աշխատանքներ է իրականացնում դպրոցների պայմանները բարելավելու համար։ Մենք ցանկանում ենք այս լրացուցիչ ֆինանսավորմամբ շեշտադրել կրթության բովանդակությունը,  որակը, մասնագիտական զարգացումը, կառավարման հմտությունները և այլն»,-ասաց Թամարա Սարգսյանը։ 

Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է ցածր կատարողական ունեցող դպրոցներին։ Այստեղ մոտեցումն այլ է։ Մրցույթի չի լինելու, այլ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը  բոլոր դպրոցների տվյալները կներբեռնի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից, կուսումնասիրի ու կառանձնացնի 40 հաստատություն, որոնք ունեն կատարողականի նվազագույն ցուցանիշներ։ Այնուհետև Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից այդ դպրոցներում իրականացվելու է արտաքին գնահատում։ Դրա հիման վրա էլ առանձնացվելու են այն դպրոցները, որոնք կստանան աջակցություն մինչև 5 մլն դրամի չափով՝ ուղղված կոնկրետ աշխատանքների։  Այդ դպրոցների համար կազմվելու է զարգացման ծրագիր՝ հիմնվելով առկա բացերի ու խնդիրների վրա։  

«Այստեղ կցանկանամ ընդգծել մի հանգամանք։ Ծրագրով նախատեսված է, որ ընտրված բարձր ու ցածր կատարողական ունեցող դպրոցների ընդհանուր թիվը պետք է չգերազանցի 40-ը։ Քանի որ բարձր կատարողականի դեպքում դպրոցներին թիվը պետք է մինչև 20-ը լինի, ապա ցածր  կատարողականի դեպքում այդ շեմը սահմանել ենք մինչև 30, որ ճկուն գործելու հնարավորություն լինի։ Այսինքն, եթե կարիքը լինի, ավելի շատ ընտրվեն ցածր կատարողական ունեցող դպրոցները, քան բարձր»,-ավելացրեց Թամարա Սարգսյանը։

Այս աջակցության ծրագրի 2 բաղադրիչով էլ չեն դիտարկվելու այն դպրոցները, որոնք ունեն 50-ից պակաս աշակերտ։ Բարձր կատարողականի մրցույթի դեպքում ֆինանսական աջակցություն ստացած դպրոցները 3 տարի այլևս չեն կարողանալու մասնակցել մրցույթին։  Եվ, եթե ցածր կատարողական ունեցող դպրոցներում բարելավման ծրագիրը արդյունավետ չի լինում, ապա այդտեղ կքննարկվի կառավարչի փոփոխության հարցը։  

Բոլոր այն դպրոցները, որոնք մտադիր են բարձր կատարողական մրցույթին մասնակցել, ապա կարող են նախապես ծանոթանալ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած չափանիշներին և պատրաստվել։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում