Տնտեսություն

Արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքի իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը

3 րոպեի ընթերցում

Արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքի իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը

Հայաստանում սահմանվում են նոր կարգավորումներ՝ չափածրարված արտադրանքների առնչությամբ. արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքների իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին:

Մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանվում են 4 դիրեկտիվներ: 

«Առաջինը՝ չափածրարված արտադրանքի կարգավորում. սպառողներին կապահովի հստակ և հավաստի տեղեկատվություն ապրանքի քանակի և ծավալի մասին, արտադրողներն ու վաճառողները պարտավոր կլինեն ապահովել փաթեթավորված ապրանքների իրական քանակի և նշված ցուցանիշների համարժեքությունը: 

Երկրորդը՝ ոչ ավտոմատ կշեռքների կիրառում. խանութներում և շուկաներում օգտագործվող կշեռքները պետք է բավարարեն ԵՄ պահանջներին՝ ապահովելով ճշգրիտ և հավաստի կշռման տվյալներ գնորդների համար: 

Երրորդ՝ չափիչ շշերի կարգավորում. որոշ ապրանքների համար շշերը կդիտարկվեն որպես չափիչ անոթներ, դրանք կունենան հստակ սահմանված չափորոշիչներ՝ երաշխավորելով արտադրանքի ծավալի հաշվառման թափանցիկությունն ու միասնականությունը: 

Չորրորդ՝ չափման միջոցների կարգավորում. գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչները, վառելիքների դիսպենսերները և նմանատիպ սարքերը պետք է լինեն ճշգրիտ, հուսալի և պաշտպանված ցանկացած ծրագրային միջամտությունից՝ ապահովելով, որ հաշվիչների ցուցմունքները հնարավոր չլինի դիտավորությամբ կամ պատահականորեն խեղաթյուրել»,–ասաց փոխնախարարը:

Նա նկատեց՝ այլ չափածրարված ապրանքները, որ հենց չափածրարված արտադրում են, քիչ թե շատ կարգավորված են, պիտակ ունեն: 

«Այն չափածրարված ապրանքը, որ հենց տնտեսավարողն է տալիս, օրինակ՝ տեղում մեծ շաքարավազը բաժանում է՝ կարգավորված չէ: Տրվում են կարգավորումներ, որը սահմանելու է ծավալի և քանակի մասով հստակ պահանջներ, որ չստացվի իրավիճակ, որ կոնֆետների մեծ տուփ է վաճառվում, բայց դրա մեջ 7 հատ կոնֆետ է, բայց տպավորություն է ստեղծվում, թե տուփն ամբողջությամբ կոնֆետներով լցված է»,-ասաց Հովակիմյանը: 

Նախագիծը տալիս է նաև չափածրարված արտադրանքի սահմանումը՝ առանց գնորդի ներկայության փաթեթավորված եւ շուկայահանված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք եւ այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում