ՀՀ ԱԳ փոխնախարարը փակ կլոր-սեղան քննարկման է մասնակցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում» խորագրով նախարարական փակ կլոր-սեղան քննարկմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնային դերը ՄԱԿ համակարգում՝ որպես խաղաղության, անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի գրավական: Կարևորելով վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդումը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների խախտումների հասցեագրման և խոցելի խմբերի պաշտպանության հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ուղղված խախտումներին արագ արձագանքմանն ու հետագա ճգնաժամերի կանխմանը, ինչպես նաև հաշվետվողականության ու արդարության ապահովմանը։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ: