8 րոպեի ընթերցում
Եղվարդում տեղի ունեցավ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի պաշտոնական բացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլինիկան ստեղծվել է «Հարի Թ․Մանգուրյան» հիմնադրամի, ինչպես նաև Հայկական ակնաբուժության նախագծի ընկերների աջակցությամբ և հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը մարզի բնակչությանը ակնային խորացված հետազոտությունների և ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն է տալիս:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ներկայում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բուժկենտրոնների կառուցման, վերակառուցման ուղղությամբ, սակայն միաժամանակ ուշադրության կենտրոնում է պահվում բուժծառայությունների հետ կապված կարճաժամկետ լուծումների հնարավորությունը:
«Չսպասելով նոր բժշկական կենտրոնի կառուցման ավարտին, մենք այստեղ արդեն իսկ ունենալու ենք նոր ծառայություն՝ իր ամբողջությամբ հագեցված սարքավորումներով, վերապատրաստված բուժանձնակազմով։ Ընթացքում, երբ մեր բնակչությունը սպասում է նոր բուժկենտրոնի բացմանը, մենք այս ծառայությունը հասանելի ենք դարձնում նրան»,-ասաց Ավանեսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայկական ակնաբուժության նախագծին՝ ըստ կարիքի, անհրաժեշտության ու գերատեսչության քաղաքականության կարևորագույն լուման ներդնելու համար:
Նախարարը կարևորեց կլինիկայի բացումը երեխաների տեսողության ճիշտ գնահատման, բուժման, կառավարման, ինչպես նաև աչքի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց խնդիրների ժամանակին հայտնաբերման և բուժման ուղղորդելու տեսանկյունից։
Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանի տեղեկատվությամբ՝ ակնաբուժական ծառայությունները մատուցելու է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից վերապատրաստում անցած մարզային բուժանձնակազմը:
«Հայկական ակնաբուժության նախագիծը 2015 թվականից իրականացնում է լայնածավալ ծրագիր, որի նպատակն է ՀՀ մարզերում վերականգնել ակնային առողջապահական համակարգը: Այս կլինիկայի ստեղծումը վերոնշյալ ծրագրի մաս է։ 2015-2020թթ. ստեղծվեցին մարզային ակնաբուժական հինգ կենտրոն՝ հագեցած ախտորոշման և վիրահատության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այժմ ախտորոշման կլինիկաներ ենք ստեղծում Հայաստանի մյուս մարզերում: Սա հինգերորդ ախտորոշման կլինիկան է, նախորդը գործարկեցինք տարեսկզբին՝ Գորիսում։ Հայաստանի մի շարք քաղաքներում նաև վերազինում ենք պոլիկլինիկաների ակնաբուժական ծառայությունները՝ այդպիսով աջակցելով ՀՀ մարզերում ակնաբուժական բարձրորակ ծառայությունների մատուցմանը», - ընդգծեց Եղիազարյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է նման կլինիկա բացել նաև Արարատի մարզում։ Բացի այդ՝ աշխատանքներ կիրականացվեն առաջնային օղակի՝ պոլիկլինիկական ակնաբուժական ծառայությունների բարելավման ուղղությամբ՝ նաև բուժաշխատողների վերապատրաստումների միջոցով։
Նախագծի տնօրենը նշեց, որ հաշվի առնելով Եղվարդի նորաբաց ակնաբուժական կլինիկայում սարքավորումների գերժամանակակից ու եզակի լինելը, ՀԱՆ-ը պատրաստակամ է ապահովել տեղի բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումը:
ՀԱՆ-ի փոխնախագահ Ջոն Հովանեսյանը հատկանշական համարեց, որ նախագծի 65-րդ բժշկական առաքելությունը մեկնարկում է ակնաբուժական հերթական կլինիկայի բացմամբ։
«Ավելի քան երեսուն տարի մեր բժիշկ-կամավորները և բարերարներն իրենց ներդրմամբ նպաստում են ձեռքբերովի կուրության կանխարգելմանը և առողջապահական համակարգի բարելավմանը Հայաստանում», - ասաց նա։
Անդրադառնալով նման կլինիկաների բացման համար համայնքների ընտրության հարցին, Հովանեսյանը պարզաբանեց, որ չնայած Աչքի շարժական հիվանդանոցի ավելի քան 20 տարի գործունեության ընթացքում բավականաչափ տեղեկատվություն է հավաքվել ՀՀ բնակչության շրջանում առկա տեսողական խնդիրների մասին, բայց մարզերի ու համայնքների ընտրությունն իրականացվում է Առողջապահության նախարարության ուղղորդմամբ և նրա հետ համագործակցությամբ։
«Մարզերում մեր աշխատանքները սկսվել են Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությամբ, որը շրջել է ամբողջ Հայաստանում և մատուցել ակնաբուժական ծառայություններ։ Այժմ արդեն գործում են 5 ակնաբուժական կենտրոններ՝ իրենց ամբողջական վիրահատական բլոկներով, իսկ ևս 5 մարզերում կան ախտորոշիչ կլինիկաներ, որոնցից ամենանորը Եղվարդինն է։ ՀՀ առողջապահության նախարարության հայաստանյան գրասենյակի մեր գործընկերների և մեր բժիշկ-կամավորների աջակցությամբ մենք այստեղ բերում ենք մեծ փորձառություն, տեխնոլոգիաներ, տեխնիկա և հագեցվածություն»,-ներկայացրեց նախագծի փոխնախագահը։
Նաիրիի բժշկական կենտրոնի տնօրեն Մարի Բալյանը կարևորեց ակնաբուժական ախտորոշիչ կլինիկայի բացումը համայնքի բնակիչների, բուժաշխատողների և բուժկենտրոնի համար։
«Հայկական ակնաբուժության նախագծի բազմապիսի ծրագրերի և ոլորտի առաջադեմ մոտեցումների ներդրման շնորհիվ մեր երկրում զարգանում է ակնաբուժական ծառայությունների ոլորտը։ Շնորհակալ ենք, որ այսուհետ այդ ծրագրերի իրականացման գործուն մասն ենք կազմելու նաև մենք։ Ծրագիրն իրավամբ լույս է բերել մեր մարզ, մեր քաղաք և մեր կենտրոն, որն արդեն մարզային նշանակության գերժամանակակից տեխնիկական հագեցվածություն ունի», - ասաց Բալյանը։
ՀԱՆ-ի կողմից մեկնարկած հերթական բժշկական առաքելության կազմում այս տարի բժիշկ-կամավորներ են ժամանել Հայաստան ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջատար բժշկական համալսարաններից ու ակնաբուժական կենտրոններից։ ՀԱՆ-ի կամավորների կազմում են ոչ միայն վաստակաշատ բժիշկներ, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ աջակցում են նախագծի ծրագրերին, այլ նաև առաջին անգամ միացած առաջատար ակնաբույժներ, ովքեր ոլորտի միջազգային նորություններն են ներկայացնում հայ գործընկերներին։
Մեկշաբաթյա հագեցած ծրագիրն ընդգրկում է բժիշկ-կամավորների և Երևանի ակնաբուժական կլինիկաների, ինչպես նաև ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնների և Աչքի շարժական հիվանդանոցի ակնաբույժների մասնագիտական քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ և այլն:
Բժշկական առաքելությունը կամփոփվի Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 23-րդ միջազգային համաժողովով, որտեղ կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին վերաբերող զեկույցներ և քննարկում հայ և արտասահմանյան գործընկերների կողմից։