Հայաստան

Երևանում անցկացվեց միջազգային միջամտական ​​սրտանոթային գիտաժողովը

7 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց միջազգային միջամտական ​​սրտանոթային գիտաժողովը

Երևանում մեկնարկել է առաջին միջազգային միջամտական ​​սրտանոթային դասընթաց-գիտաժողովը, որը մեկ հարթակում միավորել է հայաստանյան և միջազգային լավագույն սրտաբաններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացումներն  ու  մարտահրավերները, տեղի կունենա փորձի փոխանակում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը։ Նրա  խոսքով՝ կառավարության ջանքերը միտված են սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։ «Այս առումով նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են։ Ուզում եմ ընդգծել, որ այս տարի հատկապես պատիվ է հյուրընկալել հեղինակավոր պրոֆեսորների, կիսվել մեր փորձով և ձեռքբերումներով։ Մենք ունենք ցուցանիշներ, որոնք վկայում են առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավման մասին»,- ասաց  նախարարը։ 

Նախարարը նաև նշեց, որ միջազգային համագործակցությունը նպաստում է ոլորտի մասնագիտական ներուժի զարգացմանը։ «Այս գործակցության արդյունքում Հայաստանում ձևավորվել է սրտաբանների փորձառու մասնագետների մի աստղաբույլ։ Ուզում եմ առանձնացնել նաև մեր հայրենակիցների ներդրումը, որոնք, լինելով հարգարժան բժիշկներ և պրոֆեսորներ այլ երկրներում, շարունակում են աջակցել մեր մասնագետներին»,-ասաց նա։ 

Նախարարի խոսքով՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունը առաջին տեղում է, և խոսքը հենց վաղաժամ մահացության մասին է, սակայն վերջին տարիների վիճակագրական տվյալները վկայում են դրական միտումների մասին։  

«Տարվա կեսին դեռ չենք կարող խոսել վերջնական արդյունքների մասին, դրա համար թվեր չենք հրապարակում մինչև տվյալների ամփոփումը, բայց մենք տեսնում ենք բարենպաստ տեղաշարժ, ինչը նաև պայմանավորված է նոր ծառայությունների ներդրմամբ ու դրանց հասանելիության ընդլայնմամբ։ Սակայն պետք է նշեմ, որ բնակչության կարիքները լիովին բավարարված չեն։ Օրինակ՝ սրտի բաց վիրահատությունների հարցը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Այս պահին այն հեշտ  հասանելի է միայն որոշ սոցիալական խմբերի համար, բայց ամբողջ բնակչության համար՝ ոչ։ Մեր քաղաքականությունը հենց դա է՝ բարելավել ծառայությունների որակը, ապահովել ամբողջական շղթան՝ սկսած ընտանեկան բժշկից մինչև բարձր տեխնոլոգիական լուծումներ և դրանք հասանելի դարձնել բոլորին»,- նշեց Ավանեսյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ելույթ ունենալով համաժողովի բացման արարողության ժամանակ, ողջունեց հյուրերին և գործընկերներին՝ ընդգծելով առողջապահական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները։ 

Նրա խոսքով՝ կանխարգելիչ ծրագրերը շարունակում են մնալ արդիական։ «Չի կարելի ապավինել միայն մեր բնակչության գիտակցությանը։ Անհրաժեշտ են առողջապահական հատուկ ծրագրեր, որոնք կնվազեցնեն վաղաժամ մահացությունը և հիվանդացությունը։ Այս առումով մեր երկիրը կարող է հպարտանալ իրականացվող նախաձեռնություններով, որոնք հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության համար»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը։ 

Մուրադյանը կարևորեց նաև գիտահեն մոտեցումների կիրառումը, քանի որ այսօր գիտությունը և բժշկագիտությունը պահանջում են բացառիկ կրթական ծրագրեր։  

«Պետք է բարձրացնել կրթության որակը, որպեսզի բժիշկների հմտությունները թույլ տան իրագործել ամենաբարձր մակարդակի ծրագրեր։ Պետությունը մեծ քայլեր է արել այս ուղղությամբ, և մենք եզակի պետություններից ենք, որ իրականացրել ենք սրտանոթային հիվանդությունների կարևորագույն ծրագրերից մեկը՝ «Stent for Life»։ Այն արդեն մոտ 3000 շահառու ունի և հազարավոր կյանքեր է փրկել»,-ընդգծեց նա։ 

Ռեկտորի խոսքով՝ հաջողությունները այս ոլորտում այնքան ակնառու և շոշափելի են, որ դրանց մասին խոսում են միջազգային գործընկերները. «Նրանք ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլև սիրով տարածում են մեր ձեռքբերումները իրենց համակարգերում»:

ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը նշեց, որ սա աննախադեպ միջոցառում է, քանի որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է ինտերվենցիոն սրտաբանության, սիրտ-անոթային հիվանդությունների միջազգային գիտաժողով։  

«Այն աննախադեպ է նաև նրանով, որ մասնակցում են համաշխարհային մակարդակի կենդանի լեգենդներ: Սա բավական ներկայացուցչական և բարձր գիտական մակարդակի միջոցառում է»,- ասաց Հայրապետյանը։ 

Նա հույս հայտնեց, որ առաջին գիտաժողովը հաջող կանցնի և կդառնա ավանդական։ «Այսպիսի միջոցառումների նպատակը փորձի և գիտելիքների փոխանակումն է։ Երեկ հայտնի սրտաբան Անտոնիո Կոլոմբոն առաջին անգամ վիրահատություն իրականացրեց Հայաստանում։ Դա պատմական փաստ է, որը կարևոր է ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնի, այնպես էլ ողջ երկրի համար»,- ընդգծեց նա։ 

Մասնագետն ընդգծեց, որ միջազգային մասնագետներին տպավորել է նաև Հայաստանի գրանցած ցուցանիշները. «Սրտամկանի ինֆարկտի վիրահատությունների՝ կյանք փրկող ստենտավորումների առումով 1 միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանը Եվրոպայում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Սա շատ տպավորիչ է, և մեր հյուրերը հաճելիորեն զարմացած էին թե՛ մասնագետների գիտելիքների, թե՛ կազմակերպվածության առումով։ Կոլոմբոն ասաց, որ իրեն թվում էր, թե աշխատում է սեփական կլինիկայում»,- նշեց Հայրապետյանը։ 

Միաժամանակ նա ընդգծեց, որ դեռ կան անելիքներ, քանի որ Հայաստանում որոշ ժամանակակից միջամտություններ դեռ չեն իրականացվում, ինչը  խնդիր է, բայց նաև խթան՝ նոր մեթոդներ ներդնելու։  

«Վստահ եմ, որ այս գիտաժողովը խթան կհանդիսանա ինչպես բժիշկների գիտելիքների զարգացման, այնպես էլ պետական ծրագրերի իրականացման համար»,-հավելեց Հայրապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում