Աշխարհ

«Թալիբան»-ն արգելել է կանանց հեղինակած գրքերն Աֆղանստանի համալսարաններում

2 րոպեի ընթերցում

«Թալիբան»-ն արգելել է կանանց հեղինակած գրքերն Աֆղանստանի համալսարաններում

Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի կառավարությունը երկրի համալսարաններում արգելել է կանանց կողմից գրված գրքերով ուսուցումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ արգելվել է նաև մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների հետ կապված առարկաների դասավանդումը։

Կանանց հեղինակած շուրջ 140 գիրք, որոնց թվում է, օրինակ, «Անվտանգությունը քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը, հայտնվել է այն 680 գրքերի շարքում, որոնք համարվել են «մտահոգիչ», քանի որ այնտեղ արտահայտված մտքերը «դեմ են շարիաթին և թալիբների քաղաքականությանը»։

Բացի այդ, համալսարաններին ասվել է, որ իրենց այլևս թույլատրված չէ դասավանդել 18 առարկա, քանի որ, թալիբների պաշտոնյաներից մեկի խոսքով, դրանք «հակասում են շարիաթի սկզբունքներին և համակարգի քաղաքականությանը»։

Օրերս «Թալիբան»-ի գերագույն առաջնորդի հրամանով Աֆղանստանի առնվազն 10 նահանգներում արգելվել է օպտիկամանրաթելային ինտերնետը. պաշտոնյաների խոսքով՝ այդ քայլը ձեռնարկվել է անբարոյականությունը կանխելու նպատակով։

BBC-ն նշում է, որ չնայած այս կանոններն ազդեցություն են ունեցել կյանքի բազմաթիվ ասպեկտների վրա, սակայն հատկապես տուժել են կանայք և աղջիկները. նրանց արգելվում է կրթություն ստանալ վեցերորդ դասարանից հետո, իսկ ուսուցումը շարունակելու նրանց վերջին հնարավորություններից մեկը՝ մանկաբարձության դասընթացները, փակվել են 2024 թվականի վերջին։ 

«Թալիբան»-ն Աֆղանստանում իշխանության է վերադարձել 4 տարի առաջ՝ 2021 թ. օգոստոսին, տապալելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող իսլամական հանրապետությունը։ Նրանց վերադարձից հետո ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերը դուրս են եկել Աֆղանստանից։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում