Իրավունք

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել լրագրող Հակոբ Կարապետյանի բռնության ենթարկվելու դեպքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել լրագրող Հակոբ Կարապետյանի բռնության ենթարկվելու դեպքի վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանի բռնության ենթարկվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել՝ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում` լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը:

ՄԻՊ աշխատակազմում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Կարևորելով նշված հանգամանքը` Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ընդգծում է, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ 2025թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան դիմակավորված անձի կողմից ենթարկվել է բռնության։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում