Հայաստան

Մուսա լեռան թանգարանի բացառիկ նյութերը թարգմանվել են մի քանի օտար լեզվով

4 րոպեի ընթերցում

Մուսա լեռան թանգարանի բացառիկ նյութերը թարգմանվել են մի քանի օտար լեզվով

Մուսա լեռան թանգարան այցելող օտարազգիներն այսուհետ կարող են դիմել QR կոդերի օգնությանն ու հայոց պատմության հիշարժան էջերին ծանոթանալ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

Փաստագրական նյութերը մի քանի լեզվով մատուցելու նախագիծն իրականացվել է Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ QR կոդերը հանրությանը ներկայացվեցին սեպտեմբերի 12-ին։ Թարգմանություններն արվել են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի աշակերտների ջանքերով։

 

Կրթահամալիրի տնօրեն Քրիստիան Շալը շեշտեց, որ նախագիծն իրականացնելիս համագործակցել են Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի աշակերտների և Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի հետ։ «Հայոց պատմությունը պետք է լավ ճանաչեն ոչ միայն հայ, այլև օտարազգի աշակերտները։ Մեր նպատակներից մեկն էր առավել հասանելի դարձնել թանգարանն օտար այցելուներին, նպաստել աշակերտների՝ հաճախ թանգարան այցելելուն»,-նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։

 

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ մեկ դար է անցել Մուսա լեռան հերոսամարտից, սակայն հերոսական ոգին դեռ ապրում է բոլորի մեջ։ «Սա դիմադրության, վճռականության ոգին է, վճռականություն, որը դրսևորեց ադմիրալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեն, որը որոշեց փրկել հայերին առանց որոշակի հրաման ստանալու, և սա համերաշխության օրինակ է, համերաշխություն, որի շնորհիվ մուսալեռցիները ֆրանսիական համազգեստով շարունակեցին  գործողությունները Պաղեստինի, Սիրիայի և Կիլիկիայի լեգեոններում»,-ասաց դեսպանը։

Դըկոտինյին կարծում է՝ աշակերտներն իսկապես ամբիցիոզ նախագիծ են իրականացրել։

Ներկաներից Թովմաս Այնթափյանի ծնողները մուսալեռցի են։ Նա հիշեցրեց, որ 1915 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսա լեռան տարածքում հայտնվեցին առաջին ֆրանսիական նավերը։ Ժողովուրդը կարողացավ մակույկներով նավեր բարձրանալ և փրկվել։

«Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Գիշեն» հածանավը մոտեցել էր Մուսա լեռանը, տեղեկություններ ստացել, որոնք հաղորդել էր ադմիրալ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեին, որն այդ ժամանակ Կիպրոսում էր։ Հաղթահարելով դժվարությունները՝ ադմիրալին հաջողվեց փրկել Մուսա լեռան ժողովրդին։ Եղել են մարտիկներ, որոնք չեն ցանկացել հեռանալ Մուսա լեռից, խնդրել են իրենց զինել, որպեսզի շարունակեն պայքարը, սակայն ադմիրալն այլ կերպ է մտածել. նա ասել է՝ վստահ էր՝ պատերազմը երկար կտևեր, ուստի անհրաժեշտ էր, որ կռվող տղամարդիկ  ևս միանան իրենց, և հենց նրա ջանքերով 1915 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսա լեռից 4092 մուսալեռցի նավերով տեղափոխեց Պորտ Սայիդ»,-պատմեց Այնթափյանը։ 

Նա ընդգծեց՝ մուսալեռցիները քաջությամբ, համառությամբ ու միասնականությամբ կարողացան  հաղթահարել այդ արհավիրքը։  Մուսա լեռան պաշտպանները դարձան Արևելյան լեգեոնի առաջին զինվորագրյալները, որոնք աչքի ընկան 1918 թվականի Արարայի ճակատամարտում։ 

Անատոլ Ֆրանսի կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ  Շահմուրադյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ տարի են սկսել աշխատել թարգմանությունների շուրջ, օգտվել են տարբեր աղբյուրներից։ Աշակերտներին հասանելի են եղել ոչ միայն Մուսա լեռան թանգարանի նյութերը, այլև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պահոցների բացառիկ արխիվային տեղեկություններ, որոնք հասանելի չեն հասարակության լայն շրջանակին։

 

«Թարգմանություններ ենք կատարել տարբեր լեզուներից, մշակել ենք տեքստեր։ Կային գրաբարով տեքստեր, որոնք աշխարհիկ հայերենով ներկայացնելը շատ հետաքրքիր էր։ Աշխատանքն ուսուցողական էր և օգտակար»,-նշեց Լիլիթը։ 

Առաջիկայում նյութերը կթարգմանվեն իսպաներեն, գերմաներեն և արաբերեն։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում