Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2025

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի շարունակությունն է, որտեղ բոլոր հարցերը, անգամ չտրվածները, ստանում են իրենց պատասխանները, իսկ պատմությունը՝ իր անհավանական հանգուցալուծումը։ Վերջին դժբախտությունն Էսթերի մեջ սպանում է երբեմնի կենսուրախ աղջկան. երիտասարդ նկարչուհին ամիսներով փակվում է իր սենյակում՝ ինքն իրեն անջատելով արտաքին աշխարհից: Բայց արտերկրից ժամանած ընկերուհին խոստանում է փրկել իրավիճակը և առաջարկում մի քանի օրով մեկնել Լոռի՝ գեղատեսիլ գյուղերից մեկում հանգստանալու։ Եվ ահա երկու ընկերուհիներ մեծ խմբի հետ միասին անցնում են գյուղից 13 կիլոմետր այն կողմ գտնվող թունելը՝ չգիտակցելով, որ մուտքն այդ հրեշավոր գետնուղով տանում է դեպի աներևակայելի սարսափներով լի նոր իրականություն:

Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Չորրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը հինգերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

«Պարույր Սևակ- 100» ժողովածուն վեցերորդ տեղում է։ Ժողովածուում ընդգրկված են Պարույր Սևակի «Անցյալը ներ­կայացած» ինքնակենսագրությունը, տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծությունները և «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմները: Որոշ շտկումներ են կատարվել ձեռագրի հետ համեմատելով:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» ութերորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:

Իններորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը տասներորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխԳիրք ՀրատՔանակ
10

Ռուբեն Եսայան,

 «Մարդասպանը ես եմ»

Զանգակ335
20

Գրիգոր Քեշիշյան,

 «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի315
30

Ռաֆայել Մարգարյան,

 «Սպասիր ինձ երկնքում»

հեղ հրատ44
40

Գրիգոր Քեշիշյան,

 «Շելա»

Դավինչի32
5+1

Գրիգոր Քեշիշյան,

 «Հանդիպում անցյալի հետ»

Դավինչի31
6*«Պարույր Սևակ- 100»Էդիթ Պրինտ28
7*

Վարդգես Պետրոսյան,

 «Վերջին ուսուցիչը»

Դարակ23
8*

Աշոտ Աղաբաբյան,

 «Նմանակը»

Բուկինիստ19
9*«Բարի գործերի քաղաքը»Բուկինիստ18
10*

Ռաֆայել Մարգարյան,

 «Օգնիր սրտիս բաբախել»

հեղ հրատ18
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում