Աշխարհ

Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի

2 րոպեի ընթերցում

Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի

Նեպալում առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել սեպեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Ըստ գերատեսչության տվյալների՝ Նեպալի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1338 մարդ:

Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնարկությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։

Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին Gen-Z շարժման ներկայացուցիչները հանդիպել են Նեպալի բանակի շտաբի պետ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ՝ քննարկելու ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը։ Ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում հավանություն է տրվել Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիի թեկնածությանը, որը հայտարարել է այդ պաշտոնն ստանձնելու պատրաստակամության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում