Վարչապետը հայտնեց պաշտպանական ծախսերը 2026–ին 2025–ի համեմատ նվազելու պատճառը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին պաշտպանական ծախսերը անհամաչափ, կտրուկ բարձրացրել է, դրանով է պայմանավորված, որ հաջորդ տարի՝ այս տարվա նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ նախատեսված չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցրեց վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը՝ 2026 թվականին պաշտպանական ծախսերի էական ավելացում, հնարավոր է, որ չլինի կամ ընդհանրապես ավելացումներ չլինեն: Պատգամավորը պարզաբանում խնդրեց այս հայտարարության առնչությամբ: 

«2025 թվականին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ մենք ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ: Եվ մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր: Այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը՝ այդ թվում պաշտպանության ոլորտում»,–ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարությունը նպատակահարմար է գտել այն պարտքերը, որոնք պետք է, օրինակ, 2030 կամ 2035–ին մարվեին, ավելի վաղ մարել ու նվազեցնել պարտքային բեռը: 

«Ֆինանսական հնարավորություն ենք տեսել, կոնսոլիդացրել ենք ու այդ պարտքը հիմա ենք փակել: Եթե այդ պարտքի կտորն ամբողջ խոսակցությունից հանենք և վերցնենք թվերը՝ սրանից դուրս, կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք՝ գուցե մի փոքր էլ ավելի:Եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ: Եթե 2025–ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, մենք կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականների բնականոն աճ: Այն, որ 2026–ին 2025–ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ»,–պարզաբանեց վարչապետը: 

2026–ին պաշտպանական ծախսերի նվազեցման համար կան նաև այլ գործոններ, որը վարչապետը կարող է խորհրդարանի հետ կիսվել դռնփակ ռեժիմով:

«Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք: Եվ այդ բնականոն զարգացումը շարունակվելու է»,–վստահեցրեց Փաշինյանը:

 

 

Հայերեն English Español Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին