Ֆոն դեր Լայենն առաջարկել է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Իսրայելի նկատմամբ՝ Գազայում իրավիճակի պատճառով
2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն ավելի կոշտ մոտեցում կորդեգրի Իսրայելի նկատմամբ, հայտարարել է կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիությունում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում ամենամյա ուղերձի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում տիրող ծանր վիճակին՝ նշելով, որ պատժամիջոցներ կսահմանվեն «ծայրահեղական նախարարների» նկատմամբ, Իսրայելի հետ ԵՄ համաձայնագրում կկասեցվեն առևտրի հետ կապված միջոցառումները։
«Մենք կառաջարկենք պատժամիջոցներ ծայրահեղական նախարարների և բռնություն գործադրող նորաբնակների նկատմամբ: Եվ մենք նաև կառաջարկենք առևտրի հետ կապված հարցերի վերաբերյալ Ասոցացման համաձայնագրի մասնակի կասեցումը», - ասել է նա։
Այս առաջարկների ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների մեծամասնության կամ բոլորի աջակցությունը։ Ըստ գործակալության՝ դա դժվար կլինի, քանի որ ԵՄ-ում լուրջ տարակարծություն կա Մերձավոր Արևելքի հարցում։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը «ցավալի» է որակել ֆոն դեր Լայենի հայտարարությունները՝ հավելելով, որ վերջինս տեղյակ է Իսրայելի ջանքերից՝ հումանիտար օգնություն մատակարարելու Գազայի հատվածին։
Եվրամիությունը Իսրայելի ամենախոշոր առևտրային գործընկերն է. կողմերի միջև ապրանքների առևտրի ծավալը 2024 թվականին հասել է 42,6 միլիարդ եվրոյի։