Հայաստան

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքը կնպաստի մշակույթի տնտեսականացմանը. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքը կնպաստի մշակույթի տնտեսականացմանը. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի կառավարության ներկայացրած «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝  նախագիծը լրամշակվել է՝ նպատակ ունենալով կանոնարկել արվեստի շուկայում տնտեսական հարաբերությունները, խթանել արվեստի, աճուրդային տների և արվետագետների միջև համագործակցության էկոհամակարգի ձևավորումը: Այն կարևոր նշանակություն կունենա ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում: Օրենքի հիմնական խնդիրն է խթանել ստեղծարար ոլորտում ներդրումային հոսքերը:

Նախագիծն արդեն իսկ քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ստանալով դրական եզրակացություն: Ըստ նախարարի՝ քննարկումների ընթացքում լրամշակվել և հստակեցվել են մի շարք հասկացություններ. «Մասնավորապես՝ հստակեցվել են «մշակութային աճուրդի կազմակերպիչ» և «մշակութային աճուրդի տուն» հասկացությունները, սահմանվել են լիցենզավորման չափաքանակները՝ ըստ գործունեության տեսակի և այլն: Այս նախագիծն ավելի մոտ է Կառավարության՝ մշակույթի տնտեսականացման ընդհանուր քաղաքականության կարգավորմանը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ աշխարհում գործող մշակութային աճուրդների տները էապես նպաստում են ընդհանուր առմամբ թափանցիկ շուկաների ձևավորմանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար ընթանում են բանակցություններ եվրոպական հեղինակավոր աճուրդային տների հետ. ուսումնասիրվում է դրանց փորձը, քննարկվում են գործունեության կազմակերպման մանրամասները: Առաջիկայում նախատեսվում են անհրաժեշտ վերապատրաստումների և փորձի փոխանակման գործընթացներ Ֆրանսիայի և Անգլիայի հեղինակավոր աճուրդային տների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում