Պատգամավորն առաջարկում է աշխատատեղերի քվոտա սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագծին, որով պատգամավորն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4–ի նիստում:
Բաթոյանն առաջարկել է 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի տոկոս, սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա` 4 տոկոսի չափով, իսկ ոչ պետական կազմակերպությունների համար՝ 2 տոկոս, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 եւ ավելի է:
Պատգամավորն առաջարկել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցված լինելու նվազագույն ժամկետը սահմանել 275 օրացուցային օր՝ գործող 183 օրացուցային օրվա փոխարեն:
Բաթոյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով Եվրոպական միության անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ գործատուները թափուր աշխատատեղերի համալրման ընթացքում առավելությունը հաշմանդամություն ունեցող անձանց տան հավասար պայմանների դեպքում, այլ ոչ թե միայն հաշմանդամություն ունենալուց ելնելով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, որ կան բազմաթիվ մասնավոր եւ պետական ընկերություններ, որոնք արդեն ունեն հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումն առաջարկի վերաբերյալ՝ Արսեն Թորոսյանը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնք ունեն լուծման կարիք եւ առաջարկել օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականը:
Հեղինակն ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները՝ առաջին ընթերցումից հետո խմբագրելու պայմանով: