Դուք ընտրել եք կոչում, որը պահանջում է արիություն, հավասարակշռություն և նվիրում. Կամո Ցուցուլյանը շնորհավորել է փրկարարներին

3 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել փրկարարի մասնագիտական օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ն ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. 

Սիրելի՛ փրկարարներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 4-ի՝ փրկարարի մասնագիտական օրվա առթիվ։

Սա տոն է՝ նվիրված ձեր անձնվիրությանն ու քաջությանը՝ ձեր ամեն քայլի ու հաղթահարած ամեն վտանգի համար։ Դուք ընտրել եք ո՛չ պարզապես մասնագիտություն, այլ կոչում, որը պահանջում է արիություն, հավասարակշռություն և անվերապահ նվիրում։ Ձեր առաքելությունն է փրկել, պաշտպանել և ուժ տալ մարդկանց այն պահին, երբ նրանք դրա կարիքն ամենաշատն ունեն։

Փրկարար լինել նշանակում է հայտնվել այնտեղ, որտեղ վտանգն արդեն իրականություն է։ Գործել վճռական վայրկյաններին՝ հաճախ կյանքը վտանգելով՝ հանուն մեկ ուրիշի փրկության։ Սա աշխատանք չէ ժամանակացույցով, այլ կոչում, որը պահանջում է մշտական զգոնություն, տոկունություն և հոգու մեծություն։

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության գործունեության հիմքում մարդու կյանքն է՝ որպես գերակա արժեք։ Այս գաղափարի շուրջ տարիներ շարունակ ձևավորվել է բարձր պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ համակարգ, որն այսօր բնակչության պաշտպանության ռազմավարական հենասյուներից մեկն է։

Փրկարար ծառայությունն առանցքային դեր ունի ոչ միայն արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման, այլև ռիսկերի կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման, համայնքների դիմակայունության ամրապնդման և ճգնաժամային կառավարման ոլորտներում։

Խոնարհումի ու գնահատանքի խոսք եմ ուղղում բոլոր ծառայողներին, ովքեր պատվով կրում են փրկարարի համազգեստը: Հրշեջ-փրկարարներ, սակրավորներ, կինոլոգներ, քիմիկներ, բժիշկներ, հոգեբաններ՝ բոլորդ միասին ստեղծում եք այն միասնական ուժը, որի հիմքում մեկ գերակա նպատակ է՝ օգնություն և փրկություն։

Մեր փրկարարները ոչ միայն հայրենիքում, այլև միջազգային հարթակներում են ապացուցել իրենց բարձր պատրաստվածությունը և մարդասիրական առաքելության արժանապատիվ վարման կարողությունը։ 

Փրկարարի աշխատանքը հաճախ կատարվում է աննկատ, բայց երբեք չի մնում անտեսված։ Այն արտահայտվում է փրկված կյանքերում, ամուր ձեռքսեղմումներում և երախտագիտության մեջ։

Մասնագիտական տոնի առթիվ բոլորիդ մաղթում եմ առողջություն, ուժ, վստահություն և անփորձանք ծառայություն»: 

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում