«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2025

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։ 

Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Երկրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Երրորդ տեղում է Ռիչարդ Կոխի «80/20-ի սկզբունքը»։ Պատկերացրեք, որ արդյունքի 80%-ը կարող եք ձեռք բերել ընդամենը 20% ջանքերով: Առաջին հայացքից անհավանական թվացող, բայց գիտականորեն ապացուցված այս պնդումն է ընկած «80/20 սկզբունքը» գրքի հիմքում, որն ուսումնասիրելով կարող եք բացահայտել գործողությունների, ջանքերի այն չնչին մասը՝ մոտ 20%-ը, որը հանգեցնում է արդյունքների զգալի՝ 80%-ին:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը հինգերորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն վեցերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» յոթերորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:

Ութերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ն իններորդ տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ 

Լուկա Կայոլիի և Սիրիլ Կոլոյի «Մբապե»-ն տասներորդ տեղում է։ Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։

ՏեղՓոփոխ․ Գիրք Հրատ․Քանակ
1*

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի119
2*

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի111
3*

Ռիչարդ Կոխ,

 «80/20-ի սկզբունքը»

Դավինչի96
4*

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի59
5*

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի52
6+3

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ52
7*

Ջոն Ստրելեքի,

 «Կյանքի հինգ մեծ նպատակները»

Դավինչի31
8*

Էկհարթ Թոլլ,

«Ներկայի ուժը» 

Դավինչի27
9*

Թովմաս Առաքելյան,

 «Ճանապարհ»

Newmag27
100

Լուկա Կայոլի, Սիրիլ Կոլոյի,

 «Մբապե»

Newmag26

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский