Հայաստանում ֆրանսիական համալսարանը հանդիսավոր կերպով դիմավորեց առաջին կուրսի ուսանողներին
7 րոպեի ընթերցում
Հայաստանում ֆրանսիական համալսարանում այսօր տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների նորամուտին նվիրված միջոցառում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման առաջին հատվածում ֆրանսիական համալսարանը ողջունեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին։
Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունեց առաջին կուրսեցիների ընտրությունը, որը կանգ է առել հենց Հայաստանում ֆրանսիական համալսարանի վրա։
«Դուք ընտրել եք համալսարան, որի ուսանողները շատ մրցունակ են աշխատաշուկայում և շատ պահանջված ու գնահատված գործատուների կողմից։ Համալսարանն ավարտելուց հետո շրջանավարտների 97 տոկոսն առնվազն մեկ տարվա ընթացքում զբաղվածություն է ունենում։ Դուք ընտրել եք պատուհան դեպի Ֆրանսիա և ֆրանսախոս աշխարհ, ընտրություն կատարել՝ դեպի Ֆրանսիական համալսարանի ու նրա շրջանավարտների, գործընկերների հզոր ցանց։ Հատկապես այս ֆակուլտետն ընտրելով՝ դուք ընտրել եք տեխնիկայի գերազանցությունը։ Ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենաստացված արբանյակն է։ Այս համալսարանը երկու երկրների ամենալավ ծրագիրն է, որովհետև այն միտված է երիտասարդության կրթությանը։ Ֆրանսիան, կառավարությունը, երկրի տարբեր մարզերի ղեկավարությունները կշարունակեն օգնել և ներգրավված լինել այս ծրագրում, ինչպես նախորդող 25 տարիներին»,-ասաց դեսպանը՝ կարևորելով աշխարհում և կրթության ոլորտում արհեստական բանականության բերած հեղափոխությունը։
Այդ համատեքստում՝ դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված համագործակցությունն արհեստական բանականության ոլորտում, ինչը մեծ հնարավորություններ է բացում բուհի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների կրթության ու կարիերայի համար։
ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին իր խոսքում նախ նշեց, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ներկայությունը համալսարանում վկայում է բուհի և, ընդհանրապես, Հայաստանի հետ Ֆրանսիայի կապվածության մասին։
Անդրադառնալով Ֆրանսիական համալսարանում ուսումնառության, կրթական ծրագրի, վարքականոնների առանձնահատկություններին, ռեկտորը առաջին հերթին կարևորեց ուսանողների աշխատասիրությունն ու համբերատարությունը։
Սալվա Նակուզին շեշտեց, որ բացի մասնագիտական գիտելիքներից և առարկաներից ֆրանսիական համալսարանը հնարավորություն է ընձեռում նաև ձեռք բերելու բազմազան, այդ թվում՝ փափուկ հմտություններ։
Բացի այդ, բուհում, մասնավորապես՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ևս կարևորվում է ֆրանսերենի իմացությունը։
Ռեկտորը նշեց, որ անցած 25 տարիները խորհրդանշում են փառավոր անցյալ, բայց նաև ապագա՝ միշտ առաջ շարժվելու հրամայականով։
«Շատ գեղեցիկ և հարուստ 25-ամյա ժառանգություն ունենք, բայց նաև պետք է զուգահեռենք այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։ Շատ մարտահրավերներ կան, որոնց պետք է պատրաստ լինենք, առերեսվենք, որպեսզի մնանք օրինակելի և առաջատար համալսարան։ Մեր դեպքում բանալի բառը կարելի է ասել համեստությունն է։ Համալսարանական աշխարհը ներկայումս շատ կարևոր փոփոխությունների է ենթարկվում։ Պետք է կարողանալ քայլել դրանց զուգահեռ, և դա հեշտ չէ»,-ասաց բուհի ղեկավարը։
Նրա դիտարկմամբ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում փոխադարձ համակրանք կա, լավագույն վկայություններից է օրինակ ֆրանսիական գործընկերներ՝ Լիոնի և Թուլուզի համալսարանների ներգրավվածությունն ու համագործակցության պատրաստակամությունը։
«Դա նաև տեսնում ենք, ֆրանսիական կազմակերպությունների կողմից, որոնք ջերմ են ընդունում մեր ուսանողներին։ Վերջին տարում շուրջ 115 ուսանող ենք ուղարկել Ֆրանսիայում պրակտիկայի և պետք է նշել, կազմակերպությունները, ձեռնարկությունները մեծ հաճույքով են ընդունում։ Շատ հաճախ նաև աշխատանք են առաջարկում։ Բացի այդ, աճում են Ֆրանսիայում մեկ կիսամյակ սովորելու հնարավորությունները։ Դա նույնպես ցույց է տալիս այդ փոխադարձ հետաքրքրությունը։ Պետք է ասել, որ հայ ուսանողների որակը շատ բարձր է, ու նաև դա է պատճառը, որ ֆրանսիական կազմակերպություններն ուզում են իրենց հետ աշխատել»,-հավելեց Սալվա Նակուզին։
Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը ողջույնի խոսքում մանրամասնեց, որ ֆակուլտետն այս տարի է թողարկում արհեստական բանականության մագիստրատրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին և ընդունում առաջին կուրսեցիների, որոնք ևս կմասնագիտանան նաև այս ոլորտում։
«Կրթական ծրագրի մասին պատկերացում կազմելով ավելի բարձր կուրսի ուսանողներից ու հարազատներից, ընտրությունս կանգ առավ այս համալասարանի վրա։ Բացի այդ, այն տալիս է միջազգային դիպլոմ ու մեծ հնարավորություններ է ընձեռում»,-ավելացրեց ուսանողուհին։
ԻԿՄ ֆակուլտետի բակալավրի շրջանավարտ Սոֆյա Թադևոսյանն այս տարի ընդունվել է բուհի ԱԲ մագիստրոսական ծրագրի առաջին կուրս։
Ըստ նրա՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանելու հեռանկարը գայթակղիչ է եղել նաև նրանով, որ ավարտելիս շնորհվում են կրկնակի՝ ֆրանսիական և հայկական դիպլոմներ։
«Բացի այդ՝ կարող ես պրակտիկա ունենալ Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, եթե առաջադիմությունդ բարձր է։ Ինձ համար նաև ֆրանսերեն սովորելն էր ամենագրավիչը, որովհետև շատ եմ սիրում այդ լեզուն, հատկապես՝ ֆրանսիական երգերը։ Չնայած այստեղ ծրագիրը շատ հագեցած է, բայց իրականում,այն առարկաներն, որոնք մեզ սովորեցնում են, հետագայում շատ անհրաժեշտ են»,-ասաց ուսանողուհին՝ ավելացնելով, որ բուհում ձեռք բերած տեխնիկական գիտելիքները, հնարավորություն են տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների բազմազան ոլորտում մասնագիտական աշխատանք գտնել։
Միջոցառմանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի դեկանները և վարչական անձնակազմը ներկայացրեցին կրթական ծրագրերը, դասերի ժամանակացույցը, համալսարանական ներքին վարքականոնները և այլն։
Այնուհետև ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու ուսխորհրդի անդամների, դասախոսների և բուհի վարչակազմի ներկայացուցիչների հետ։