Տնտեսագետ լրագրողների բառամթերքը կհարստանա երկրորդ հրատարակությամբ լույս տեսած մասնագիտական բառարանի շնորհիվ
5 րոպեի ընթերցում

Գիտելիքի և դպրության օրը կայացավ Հայէկոնոմբանկի աջակցությամբ և Տնտեսական լրագրողների ակումբի կողմից վերահրատարակված «Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան» աշխատության շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բառարանի լրամշակված վերահրատարակումը պայմանավորված է վերջին տարիներին տնտեսության մեջ նոր ուղղությունների և տերմինների ի հայտ գալով, որոնք կապված են համաշխարհային տնտեսական փոփոխությունների, տեխնոլոգիական նորարարությունների, միջազգային տնտեսական փոխազդեցությունների և թվային տնտեսության զարգացման հետ, որոնք պահանջում են ժամանակակից, ճշգրիտ և հստակ բացատրություններ:
Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ տարիներ առաջ մի առիթով որոշել էին մոտ 2000 բառից կազմված մասնագիտական ձեռնարկ ստեղծել և այդ առթիվ իրականացրին մոնիթորինգ՝ պարզելու, թե ինչ տնտեսական բառապաշար ունի հայկական մամուլը։

«Շատ տխուր վիճակ էր, և հասկացանք, որ մենք՝ լրագրողներս, եթե ինչ-որ բառ չենք հասկանում, փորձում ենք անպայման շրջանցել և նյութերում չկիրառել։ Բայց եթե ուզում էինք ինչ-որ բան փոխել, ապա այս գործն անպայման պետք է արվեր։ Անցել է բավականին երկար ժամանակ, առաջացել են նոր ոլորտներ, հետևաբար այն բառամթերքը, որը կար 2008 թվականի բառարանում, կարիք ուներ հարստանալու նոր տերմիններով ու դրանց ստուգաբանություններով»,- ասաց Բաղդասարյանը։
Հայէկոնոմբանկի մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանն իր խոսքում նշեց, որ տվյալ բառարանն ի սկզբանե նախատեսված էր հենց տնտեսական լրագրողների համար։
«Մենք այսօր ունենք արդեն երկրորդ և լրամշակված տարբերակը։ Ժամանակը շատ արագ է ընթանում՝ իր հետ բերելով փոփոխություններ, հետևաբար տերմինները հղկվում են բովանդակային և լեզվական առումով։ Բանկերն իրենց հերթին անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր գործընկեր լրագրողների ֆինանսական ու տնտեսագիտական իրազեկվածությունը և գրագիտությունը լինեն պատշաճ մակարդակի վրա, որպեսզի նրանք ապահով միջավայրում լուսաբանեն մասնագիտացված կառույցների գործունեությունը։ Այս բառարանի շահառուների թիվն անհամեմատ մեծ է՝ ընդգրկելով ոչ միայն լրագրողներին, այլև ուսանողներին, մասնագետներին և պարզապես լրացուցիչ գիտելիք ստանալու ցանկությամբ առաջնորդվող շարքային քաղաքացիներին»,- ասաց Տոնիկյանը։
Շնորհանդեսի համար սեպտեմբերի մեկը պատահաբար ընտրված չէր, քանի որ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սա լրացուցիչ ռեսուրս աղբյուր է՝ տնտեսագիտական բառամթերքը հարստացնելու համար։
Բառարանի խմբագիր-խորհրդատուներն են տնտեսագիտության դոկտոր (ՀՊՏՀ) Աշոտ Մարկոսյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը և տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։
Աշոտ Մարկոսյանն իր ելույթում նշեց, որ հարատևորեն ու շատ արագ փոփոխվող մեր միջավայրում ճիշտ ժամանակին հրատարկվում են մասնագիտական նման ձեռնարկներ, որոնք հընթացս լրամշակվում են՝ ընդգրկելով նոր տերմիններ ու հասկացություններ, որոնք օգնում են լրագրողներին և այլ շահառուներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։
«Իհարկե կան մեծածավալ բացատրական բառարաններ, սակայն այդ հաստափոր ձեռնարկները մարդիկ մշտապես իրենց մոտ չեն պահում և դրանցով չեն տեղաշարժվում։ Գործնականում հնարավոր չէ տեղյակ լինել նոր ստեղծվող բոլոր տերմիններին, ուստի նման աշխատությունները մեծապես կարևորվում են։ Գաղափարն ի սկզբանե լավն էր, հետևաբար իրացման համար գտնվեցին համապատասխան միջոցներ։ Այս աշխատությունը բավականին հետաքրքիր է և օգնում է հասկանալ հատկապես այն տերմինները, որոնք հաճախակի օգտագործվում են տնտեսագիտության ասպարեզում։ Նման ձեռնարկների հրատարակումից մեր հասարակությունը միայն շահում է։ Շնորհակալ ենք նաև այն մասնագետներին, որոնց ջանքերի շնորհիվ բառարանի ծավալն ավելացել է ու դարձել ավելի արժեքավոր»,- ասաց Մարկոսյանը։