Կրթություն

Հայերը շատ հյուրընկալ են, և այդ որակը նրանց գենետիկայի մեջ է. Դիլիջանում բացվեց հյուրընկալության միջազգային դպրոցը

9 րոպեի ընթերցում

Հայերը շատ հյուրընկալ են, և այդ որակը նրանց գենետիկայի մեջ է. Դիլիջանում բացվեց հյուրընկալության միջազգային դպրոցը

Դիլիջանում հանդիսավորությամբ իր դռները բացեց Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջ ապրելակերպի ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցը կլինի կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացվեն իտալացի փորձագետների կողմից՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։ 

Apicius Florence-ն ակադեմիական և մասնագիտական կրթության ոլորտում ճանաչված և հեղինակավոր հաստատություններից է՝ Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը Հայաստանում։ Apicius Florence-ը հիմնադրվել է 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով համախմբել հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը։ 

Apicius International School of Hospitality-ն իր հերթին հանդիսանում է Ֆլորենցիայի Արվեստների համալսարանի և Ֆլորենցիայի Ամերիկյան hամալսարանի մասնագիտական դպրոցներից մեկը, որն առաջարկում է վերապատրաստման, ակադեմիական և մասնագիտական կրթական ծրագրերի լայն տեսականի։ Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։ Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 600-ը մասնակցում է ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին։ 

Լրագրողների հետ զրույցում Apicius Armenia նախագծի ղեկավար, «Գրին Ռոք» հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան նշեց, որ նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա։ 

«Ուսանողներն առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրները, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար։ Apicius Armenia-ն միտված է դառնալու առաջատար կրթական կենտրոն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ խթանելով նորարարությունը, կայուն զարգացումը և միջազգային զբոսաշրջության ոլորտում հայկական ներկայության ընդլայնումը»,-ասաց Բրեդիխինան։

Նա շեշտեց, որ նախագիծն իրականացվում է արհեստավարժ իտալացի գործընկերների հետ, ովքեր ունեն ավելի քան 27 տարվա աշխատանքային փորձառություն։

«Մեզ մոտ կարող են ընդունվել միջնակարգ կրթություն ստացած այն անձինք, ովքեր մոտիվացված են և հետաքրքրվում են տվյալ ոլորտով։ Մեր դպրոցն առանջնորդվում է միջազգային չափանիշներով, որտեղ դասավանդելու են պրոֆեսիոնալ դասախոսներ։ Այստեղ դասընթացներին կհաճախեն Հայաստանի տարբեր շրջանների ներկայացուցիչներ։ Հատկապես հայ ուսանողների համար ստեղծել ենք աջակցության  հատուկ ֆոնդ, որպեսզի սովորեն բոլոր ցանկացողներն՝ առանց ֆինանսական դիրքի և հնարավորությունների։ Դիլիջանն ի սկզբանե հայտնի էր որպես կրթական հետաքրքիր հաբ, հետևաբար ցանկանում ենք մեր նախագծով ներդաշնակորեն ինտեգրվել այստեղ, առավել ևս, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է։ Այստեղ ուզում ենք առավելագույն չափով բարձրացնել ծառայությունների մատուցման և հյուրասիրության մակարդակը։ Այդ հարցում մեզ կօգնեն միջազգային գործընկերները»,-նշեց Բրեդիխինան։   

Նա տեղեկացրեց, որ ուսումը տևում է երկու տարի՝ առաջին տարին Դիլիջանում, երկրորդը՝ Ֆլորենցիայում։ Ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող դուրս գալ Հայաստանից, կարող են ուսումնառությունը շարունակել տեղում։ 

«Ուսումնական ծրագրերը նույնն են, դասավանդելու են նույն մասնագետներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆլորենցիայում։ Արդեն Հայաստան են ժամանակ երկու իտալացի մասնագետներ, ովքեր վարելու են ուսումնական երկու կուրս։ 8 դասախոս Իտալացի են։ Երկու տարի անց անհամբերությամբ սպասելու ենք շրջանավարտներին, որպեսզի ներգրավենք «Գրին Ռոք» ընկերության նախաձեռնություններում։ Դրանք միտված են Դիլիջանն ավելի հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն դարձնելուն»,-ասաց Բրեդիխինան։

Նրա բնորոշմամբ՝ առհասարակ հայերը շատ հյուրընկալ են, և այդ որակը նրանց գենետիկայի մեջ է, ուստի նախագծի հեղինակները ցանկանում են, որպեսզի Դիլիջան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկները մշտապես իրենց զգան հարմարավետ և բնության գրկում անցկացնեն հրաշալի ժամանակ՝ նորից վերադառնալու ակնկալիքով։ 

«Մեր դպրոցի շրջանավարտներն աշխատանքային կարիերա ստեղծելու առումով  կունենան լայն հնարավորություններ, որովհետև մեր ավարտական վկայականները հարգի են ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ Եվրոպայում»,- ասաց Բրեդիխինան։ 

Նախագծի հեղինակները նախատեսում են համագործակցել բիզնեսների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ձևավորելով ամուր և կայուն կրթական էկոհամակարգ։ Apicius Armenia-ն առաջարկում է ակադեմիական ծրագրեր, մասնագիտական զարգացման ծրագրեր, ինչպես նաև սիրողական դասընթացներ։ Apicius Armenia-ն կոչված է նոր էջ բացելու հյուրընկալության և խոհարարական կրթության ոլորտում՝ ստեղծելով տարածաշրջանում եզակի կրթական հարթակ, որտեղ համադրվում են եվրոպական ստանդարտները, տեղական մշակութային առանձնահատկությունները և փորձառական ուսուցման լավագույն մեթոդները։ 

«Գրին Ռոք» մենեջմենթ գրուպի Գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան իր հերթին նշեց, որ տվյալ դպրոցի գործունեությունը Դիլիջան կբերի միջազգային փորձն ու գիտելիքները, կդանռա արդյունավետ աշխատանքի ու ներշնչանքի աղբյուր։ 

«Հույս ունենք, որ դպրոցն այստեղ կամրապնդվի և կգործի տասնամյակներ շարունակ՝ իր հետ բերելով դրական փոփոխություններ։ Մենք նախատեսում ենք ուսանողների համար ստեղծել հարմարավետ պայմաններ՝ այստեղ ապրելու և սովորելու համար։ Ուզում ենք, որ մեր կրթօջախը կտրված չլինի համայնքից, այլ ակտիվորեն ընդգրկվի հանարային կյանքում»,-ասաց Դանեկինան։ 

Ֆլորենցիայի Apicius դպրոցի գործադիր շեֆ-խոհարար և գլխավոր մենեջեր Անդրեա Տրապպանին, ով ավելի քան 25 տարի դասավանդում է տվյալ ոլորտում, ասաց, որ նմանատիպ կրթական հաստատությունները սեփական փորձն ու գիտելիքները մարդկանց փոխանցելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։

«Հայաստանը մի երկիր է, որտեղ կա սոլիդ մշակույթ և հատկապես զարգացած են հյուրակալությունն ու սպասարկման ոլորտը, բայց մենք նպատակ ունենք զարգացնել այն ամենը, ինչն առկա է այստեղ։ Այս դպորցն ու նրա դասավանդման մեթոդաբանությունը տարբեր են լինելու։ Արդյունքում տարբեր մշակույթներ համատեղվելու են և տարբեր երկրներից մասնագետներ են հրավիրվելու Դիլիջան։ «Գրին Ռոք» ընկերությունը համայնքային զարգացման նպատակ ունի, ուստի մենք համատեղ փորձելու ենք շահեկանորեն փոխել համայնքը։ Մենք կրթելու ենք մարդկանց՝ հնարավորություններ ընձեռելով միջազգային ասպարեզում կարիերա կերտելու համար»,-ասաց Տրապպանին։

Նա հավելեց, որ թեև մի քանի օր է, ինչ ժամանել է Հայաստան, բայց արդեն իրեն զգում է ինչպես տանը, ամեն ինչ ձգում է իրեն և դուր է գալիս։ 

«Ուսանողներն ուսումնառության ընթացքում գուցե կբախվեն որոշ խոչընդոտների, որովհետև խոհանոցային արվեստը բավականին բարդ է, սակայն անհրաժեշտ է հաղթահարել դժվարություններն ու առաջ շարժվել նախանշված ճանապարհով։ Այս ոլորտում լավ մասնագետները կարող են լավ վարձատրվել և ֆինանսապես լինել բավականին ապահովված, ինչը նույնպես կարևոր խթան է այս ուղին ընտրած մարդկանց համար»,-նշեց Տրապպանին։  

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ Դիլիջանում ստեղծվող կենտրոնը ոչ միայն կզարգացնի զբոսաշրջային ոլորտը, այլև կնպաստի տնտեսական աճին, համայնքային ներգրավվածությանը և հայկական գաստրոնոմիկ ժառանգության վերարժևորմանը՝ Հայաստանը վերածելով հյուրընկալության նոր չափանիշ սահմանող միջազգային կենտրոնի։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում