Նոր գիրք

«Նոր գիրք»-28/25. Պուիգ, Վիշկան, Մելիքյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-28/25.  Պուիգ, Վիշկան, Մելիքյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Մանուել Պուիգ, «Սարդ կնոջ համբույրը»

1970-ականներին՝ Արգենտինայի բռնապետության տարիներին, բուենոսայրեսյան բանտի նույն խցում են հայտնվել ծայրահեղորեն տարբեր բնավորության ու գաղափարների տեր երկու տղամարդ՝ իդեալիստ, բռնապետության կողմից հալածվող քաղաքական բանտարկյալ Վալենտինը և ինքն իրեն կին ընկալող միասեռական Մոլինան: Շաբաթներ շարունակ Մոլինան հին մելոդրամներ է պատմում Վալենտինին, որպեսզի շեղի նրան ոստիկանության պատճառած խոշտանգումների ցավերից: Նրանք զրուցում են նաև իրենց հույզերից ու խիստ հակադիր իդեալներից, և այդ զրույցների ընթացքում աճող բարեկամությունն ի վերջո հանգում է նրանց ներքին փոխակերպմանն ու մղում զոհաբերության: Վեպը յուրահատուկ ոճ ունի՝ լիովին զերծ է պատմողական տեքստից, դրան փոխարինում են երկխոսությունները, գիտակցության հոսքը և ոստիկանական հաշվետվությունները:

Թարգմանությունը իսպաներենից՝ Կառա Չոբանյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Սիգնե Վիշկան, «Կատեն ուզում էր պապիկ դառնալ»

Այս պատկերագիրքը փոքրիկ Կատեի և նրա սիրելի պապիկի մասին է։ Կատեն հիանում է պապիկի հանգիստ բնավորությամբ, մեծ ձեռքերով, գրպանի կիտրոնե կոնֆետներով և սպիտակ մազերով։ Նա այնքան է սիրում պապիկին, որ ցանկանում է նմանվել նրան, լինել նրա պես բարի, հոգատար ու համբերատար։ Գիրքը նախատեսված է մինչև 6 տարեկան երեխաների համար։

Սիրո և նվիրվածության պատմություն` յուրօրինակ նկարազարդումներով ու ջերմ զրույցներով։ Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

 

Փաստավավերագրական գրականություն 

Սուսաննա Մելիքյան, «Մայրության և մանկության ազգագրություն»

Պատմաբան, ազգագրագետ, թանգարանագետ, մշակույթի ոլորտի կառավարման մասնագետ Սուսաննա Մելիքյանի «Մայրության և մանկության ազգագրություն» գրքում ներկայացված են մայրությանն ու  մանկությանն ուղեկցող սովորույթներն ու ծեսերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Առավել հանգամանալից ներկայացվում է ավանդութային ժամանակաշրջանի սովորութածիսային համակարգը։ Քննարկվում են նաև ժողովրդական պատկերացումները, հավատալիքները և պրակտիկ ռացիոնալ գիտելիքները։ Գրքի նպատակն է ներկայացնել նշված համակարգի տեղական առանձնահատկությունները, համահայկական բնույթը, հետևել փոխակերպումների հիմնական միտումներին ու զարգացումներին՝ ընդհուպ մինչև ժամանակակից ծիսակարգի կայացումը։ 

Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ Արվեստ»-ը:

 

 

 

 

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում