Հայաստան

Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում մեծ շուքով տոնեցին Երիտասարդության միջազգային օրը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում մեծ շուքով տոնեցին Երիտասարդության միջազգային օրը

Սպորտային-ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս, թեմատիկ քննարկումներ, մոտիվացիոն ելույթներ և մի շարք ժամանցային միջոցառումներ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում մեծ շուքով տոնեցին Երիտասարդության միջազգային օրը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումների մեկնարկի արարողությանը մասնակցեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Ապարանը մեր այն համայնքներից է, որը երիտասարդների շնորհիվ նաև ամեն օր դառնում է ավելի լավը, ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ, ավելի բովանդակային, ավելի հետաքրքիր: Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք մենք փոխել մեր միջավայրը։  Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ավելի լավը չլինեն, եթե մեր անմիջական միջավայրերը չզարգանան։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից, և մեր ջանքը համայնքներում փոխում է նաև մեր երկիրը։ Այդ ջանքը շատ կարևոր է»,- շեշտեց նախարարը:

Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց, որ տարբեր համայնքներ, այդ թվում՝ Ապարանը, ակտիվորեն ներգրավում են երիտասարդներին որոշումների կայացման և համայնքային հարցերի քննարկման գործընթացներում։ Նրա խոսքով՝ ուրախալի է, որ պետական տարբեր գերատեսչություններում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ, որոնք դառնում են այդ մարմինների համար կարևոր տեղեկատվական օղակ։

Նախարարը նշեց, որ երիտասարդության օրը չպետք է լինի տարվա մեջ միայն մեկ օր, երբ խոսվում է երիտասարդների մասին, այլ երիտասարդները պետք է ներկա լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նա կարևորեց նաև երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալիս այս աշխատանքը դարձնել ինստիտուցիոնալ։

«Վայելեք կյանքը, վայելեք ձեր երիտասարդ օրերը, սովորեք այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ և պատրաստ՝ դիմագրավելու խնդիրներին։ Երբ դուք կլինեք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, վստահ եղեք՝ այդպիսին կլինի նաև մեր երկիրը, որովհետև երջանիկ քաղաքացիներն են, որ ստեղծում են երջանիկ պետություն»,- ամփոփեց նախարարը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ, ընդգծելով օրվա կարևորությունը, նշեց, որ երիտասարդներից է կախված ոչ միայն երկրի ներկան, այլև ապագան: 

«Շնորհավորում ձեզ այսօրվա կապակցությամբ, ու քանի որ ձեզանից է կախված մեր ապագան, ես վստահ եմ, որ մեր ապագան լինելու է պայծառ, հզոր և ուժեղ։ Ես հպարտ եմ և ուրախ եմ, որ երիտասարդական քաղաք է ճանաչվել մեր սիրելի Ապարան քաղաքը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կրթության, գիտության, կրթության և մշակույթի նախարարին և բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել, որպեսզի այս հիասքանչ տոներն այս տարի տեղափոխեն Ապարան։ Մյուս տարի մենք երիտասարդ քաղաք լինելու այդ մի տարվա տիտղոսը պատվով կհանձնենք այլ քաղաքի, բայց վստահ եմ, որ մենք շարունակելու ենք էլ ավելի գեղեցիկ տոներ ու հրաշալի միջոցառումներ անցկացնել»,- ասաց մարզպետը:  

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ողջունելով ներկաներին, ևս մեկ անգամ հիշեցրեց երիտասարդների՝ երկրի և համայնքի կյանքին մասնակցելու կարևորության մասին։

«Եթե դուք չմասնակցեք այս երկրի կյանքին, շատ դրական փոփոխություններ չեն լինի։ Սակայն եթե մասնակցեք, այդ փոփոխությունները միանշանակ կլինեն»,- ընդգծեց Հեսը։

Նա նշեց, որ Եվրոպական միության համար երիտասարդությունը շատ կարևոր է: Ըստ նրա՝ ներկայում ԵՄ-ի հետ համատեղ իրականացվում է առնվազն հինգ ծրագիր, որոնք ուղղված են  հենց երիտասարդներին։  

Ծաղկահովիտ գյուղի բնակիչ 15-ամյա Դավիթ Աբրահամյանը կարևորեց նման նախաձեռնությունների նշանակությունը մարզերի երիտասարդների համար։ Նա նշեց, որ հաճախ մարզերում մտածում են, թե մայրաքաղաքի հետ կապ չեն ունենալու, սակայն այս միջոցառումները դրական հետք են թողնում․ դրանք հնարավորություն են տալիս նոր ծանոթություններ ձեռք բերել, շփվել պաշտոնյաների հետ, կիսվել գաղափարներով և ստանալ դրանց իրագործման աջակցություն։

«Օրինակ բերեմ իմ փորձից։ 2024 թվականին հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը։ Սկզբում չունեի ոչ մի աջակցություն կամ կապ։ Բայց, երբ սկսեցի մասնակցել «Հզոր միտք» հասարակական կազմակերպության ծրագրերին, միջոցառումներին և սեմինարներին, ձեռք բերեցի արժեքավոր կապեր։ Դրա շնորհիվ այսօր ունեմ համագործակցություն նաև պաշտոնյաների հետ և կարողացել եմ իրագործել իմ կրթական ծրագիրը»,- պատմեց նա։

Դավիթի նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մարզերի երիտասարդներին դպրոցական ծրագրից դուրս խորացնել ֆիզիկայի գիտելիքները և ստանալ ոչ ֆորմալ կրթություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում