Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/25. Սարոյան, Մակքարտնի, Բրեյըր

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-27/25.  Սարոյան, Մակքարտնի, Բրեյըր

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ուիլյամ Սարոյան, «Առակներ»

Սարոյանական առակների ժողովածուն, որ լույս է տեսել 1941-ին, գրողի ինքնատիպ գրքերից մեկն է: Ժողովրդական բանահյուսության ոգով ոճավորված այս խրատական պատմությունների մեջ վճիտ պարզությամբ են արտացոլվել մեծ մանկան նրա հայացքը, իմաստուն կենսափիլիսոփայությունն ու կոմիզմի արտակարգ զգացումը: Թարգմանությունն անգլերենից՝ Վանիկ Ավետիսյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Փոլ Մակքարտնի, «Հե՜յ, պապի՛կ»

Հրաշագործ պապիկն իր չորս թոռնիկներին կախարդական կողմնացույցի օգնությամբ թռցնում-տանում է արկածների աշխարհ: Միացեք նրանց ու մասնակցեք մոգական պատմություններին․ ճամփորդություն թռչող ձկներով, փախուստ սարերից գահավիժող ձնահյուսերից, ճարպիկ խուսանավումներ վտանգներից: Հրավիրում է լեգենդար Փոլ Մակքարտնին։ Նա իր ընթերցողներին տանում է աշխարհի շուրջը պտույտի և տուն է վերադարձնում հենց քնելու ժամին: Պատմություններին գունավոր կյանք են հաղորդում Կետրին Դարստի սքանչելի պատկերազարդումները: Թարգմանիչ՝ Սեդա Համազասպյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Ռոլանդ Բրեյըր, «Սուտ, կեղծարարություն, հիմարություն»

Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ռոլանդ Բրեյըրի «Սուտ, կեղծարարություն, հիմարություն» գիրքը ստի, կեղծիքի, հիմարության ֆենոմենոլոգիական հետազոտություն է, որտեղ տեսական դիտարկումներն ու գործնական մոտեցումները միահյուսված են։
Թարգմանությունն անգլերենից և ծանոթագրությունները՝ Դավիթ Մոսինյանի։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ Արվեստ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում