Քաղաքականություն

ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրամիությունը ջերմորեն ողջունում է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է ԵՄ-ն Վաշինգտոնում երեք երկրների ղեկավարների հանդիպումից և համատեղ հռչակագրի ստորագրումից հետո։ 

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից քաղաքական հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, երկարաժամկետ, կայուն խաղաղության ճանապարհ է հարթում՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար, և միաժամանակ ամփոփում է ԵՄ բազմամյա ջանքերը։

Այսուհետ կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը՝ նպատակ ունենալով երաշխավորել կայուն և անխափան առաջընթաց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ»,-նշվում հայտարարության մեջ։

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության լիակատար գործարկման ուղղությամբ՝ նախևառաջ օգուտ բերելու հակամարտության ժառանգությամբ բաժանված բնակչությանը և տարածաշրջանն ավելի մոտեցնելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում