Եվրոպա

Կարոլ Նավրոցկին ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Կարոլ Նավրոցկին ստանձնել է Լեհաստանի նախագահի պաշտոնը

Լեհաստանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու երդմնակալությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Լեհաստանի Ազգային ժողովում։ Նավրոցկուն ուղեկցել է նրա տիկինը։

Հանդես գալով պատգամավորների առջև՝ նա խոստացել է լինել «լեհ ժողովրդի ձայնը»։

«Այս ընտրությունները հստակ ազդանշան տվեցին, ինքնիշխան ժողովրդի կողմից ազդանշան ամբողջ քաղաքական դասին, որ երկիրը չի կարելի շարունակել կառավարել այնպես, ինչպես դա արվել է մինչև այժմ։ Լեհաստանը չպետք է այնպիսի տեսք ունենա, ինչպիսին այսօր է», - հայտարարել է Նավրոցկին։

Նա նշել է, որ պայքարելու է անօրինական ներգաղթի դեմ, ինչպես նաև դեմ է հանդես գալու եվրոյի գոտուն միանալուն։ 

«Այո՝ լեհական զլոտիին, ոչ՝ եվրոյին», - ընդգծել է Լեհաստանի նոր նախագահը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ կխոչընդոտի կառավարության կողմից երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ցանկացած փորձի։

Նավրոցկին հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Ընտրված նախագահն ստացել է ձայների 50,89%-ը, իսկ նրա մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ «Քաղաքացիական հարթակ» աջ լիբերալ կուսակցությունից, որը գլխավորում է գործող վարչապետ Դոնալդ Տուսկը, ստացել է ձայների 49,11%-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում