Քաղաքականություն

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն  առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում  առկա գործընթացները։ 

«Նշվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ուղղությամբ կարևոր առաջ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում