Մարզեր

Գյումրիում նարդու առաջնություն է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Գյումրիում նարդու առաջնություն է անցկացվել

Գյումրու «Բարեկամության զբոսայգում» օգոստոսի 3-ին անցկացվեց նարդու առաջնություն։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, առաջնությունը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝  նպատակ ունենալով վերաիմաստավորել հանրային տարածքների դերը համայնքային կյանքում, խթանել տարբեր սերունդների, հատկապես տարեցների ներգրավվածությունը և պահպանել նարդու ավանդույթը՝ որպես ազգային մշակութային ժառանգություն։

Առաջնությանը մասնակցեց 32 խաղացող՝ 16 զույգ։ Մրցաշարը անցկացվեց կարճ նարդու ձևաչափով՝ ժամանակի վերահսկմամբ։ Մասնակիցների շարքում ամենատարեցը 79, իսկ ամենաերիտասարդը՝ 17 տարեկան էր։ Կանայք նույնպես ակտիվորեն մասնակցում էին՝ տղամարդկանց հետ հավասար պայքարում։

«Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագրի» համակարգող Էմմա Բաղդասարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ նախաձեռնության կարևոր նպատակներից է այգու սոցիալական դերի բարձրացումը․

«Այգում նախատեսում ենք կազմակերպել միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլ նաև այն անձանց համար, ովքեր ունեն ժամանցը կազմակերպելու խնդիր։ Նարդին, որպես բակային ավանդական խաղ, պետք է վերաիմաստավորվի և ստանա մրցաշարային բնույթ։ Մենք ցանկանում ենք համախմբել խաղի սիրահարներին՝ հույս ունենալով, որ այս առաջնությունը կդառնա ավանդական և ավելի մասշտաբային»,- նշեց Էմմա Բաղդասարյանը։

Մրցաշարին մասնակցությունն անվճար էր։ Գործընկերների աջակցությամբ նախատեսվել էր մրցանակային ֆոնդ, որի շնորհիվ եզրափակիչ փուլ անցած լավագույն երեք զույգերը պարգևատրվեցին դրամական մրցանակներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում