Ցունամիի ալիքները հասել են Կալիֆոռնիայի ափեր
1 րոպեի ընթերցում

Կամչատկայում երկրաշարժից հետո ցունամիի ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի ափերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Կալիֆոռնիայի հյուսիսային Քրեսենթ Սիթիում միացել են ցունամիի նախազգուշացման շչակները։
Մարդկանց նախազգուշացրել են հեռու մնալ ծովափից։
Ցունամիի նախազգուշացում է տրվել նաև Հավայիում, Օրեգոնի և Վաշինգտոնի նահանգներում։
Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Պապուա Նոր Գվինեայում, Սողոմոնյան կղզիներում, Վանուատուում ևս ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ևս սպասում են ցունամիի ալիքների։
Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերին՝ Խաղաղ օվկիանոսում, տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն եղել է 1952 թվականից ի վեր ամենաուժեղը։ Ցնցումները զգացվել են տասնյակ բնակավայրերում։
Այնուհետև Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկով ցունամիի ալիքներ են անցել։ Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։