Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շուտով կմեկնարկի հանրային տրանսպորտում հսկողությունը
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի 2024 թվականի ապրիլի 10-ի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ հասարակական տրանսպորտում համապատասխան հսկողության իրականացման լիազորությունները վերապահվել է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ իրականացնելու լիազորություն սահմանելու նպատակով իրավական կարգավորումներ ապահովելու գործընթացի մասին։
«Ծրագրային գործընթացներն այս շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կավարտվեն և Հասարակական կարգի պահպանության ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն դասընթացներ, թե ինչպես է պետք ստուգումն իրականացնել տրանսպորտում: Դրանից հետո արդեն ստուգումները կսկսվեն իրականացվել»,-ներկայացրեց Գրիգորյանը։
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճշտող հարցի՝ փոխքաղաքապետը հաստատեց, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում նախատեսվող վերապատրաստումներից հետո փաստացի կմեկնարկի խախտումներ կատարած անձանց տուգանելու գործընթացը։