Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման աշխատանքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի միասնական բաց հարթակում
2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող շինբարեկարգման աշխատանքների մասին մայրաքաղաքի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ միասնական GIS համակարգի համապատասխան հարթակից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ զեկուցելով տարածատեղեկատվական GIS համակարգի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
Նրա խոսքով՝ հավաքագրվել ու մեկտեղվել են քաղաքապետարանի կողմից իրականացվող շինբարեկարգման ոլորտին առնչվող մի քանի հարթակներ, որոնք առաջիկայում կհրապարակվեն։
«Այս հարթակը, որը 5 տարբեր ուղղություններով տեղեկատվություն է ներառում, նախատեսում ենք առաջիկա օրերին վերջնականացնել, հրապարակել որպես բաց տվյալներ, որպեսզի մեր բնակիչները ծանոթանան քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և պլաններին»,-ասաց Մանուկյանը։
Միասնական հարթակը, մասնավորապես, ներառում է մանկապարտեզների շինարարության, փողոցների նորոգման, բակերի բարեկարգման, վերելակների փոխարինման, կոյուղագծերի վերանորոգման ու կառուցման, կանաչապատման նախագծերի վերաբերյալ տեղեկատվական հարթակներ, որոնք ոչ միայն ներակայացնում են նախորդ տարվա հաշվետվությունը, այլ նաև ընթացիկ տարվա համար նախատեսված աշխատանքները։