«Նոր գիրք»-25/25. Բրաուն, Մոնթգոմերի, Դեդեյան, Դյուբրիք
4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Դեն Բրաուն, «Դա Վինչիի ծածկագիրը»

«Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս խորհրդանշանագետ հերոսը իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։
Գիրքը նախատեսված է ժանրի սիրահարների, ինչպես նաև ընթերցողական լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Արամ Արսենյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Աննան Խշշացող բարդիներում»

«Աննան Խշշացող բարդիներում» վեպը (1936 թ.) գրված է նամականի ձևաչափով։ Այն կանադացի գրող Լուսի Մոդ Մոնթգոմերիի կերտած կերպարի՝ Աննա Շիրլիի մասին շարքի չորրորդ գիրքն է։ Կարմրահեր հերոսուհին այս անգամ հայտնվում է կյանքի նոր փուլում՝ հանդիպելով նոր մարդկանց, անգամ թշնամական վերաբերմունքի, բայց կարողանում է կառուցել նոր մարդկային կապեր։ Նա շարունակում է սիրել իր ընտրյալին, երազել սեփական տան մասին և պահպանում է Կանաչ կտուրների հանդեպ ջերմ զգացումները։ Թարգմանիչ՝ Հայկանուշ Շարուրյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Քրիստոֆեր Դեդեյան, Մեթյու Դյուբրիք, «Մարզվիր և հաջողիր»

Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։ Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։ Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․ կիրառելի են կյանքում և բիզնեսում,օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,կերտում են հաղթողի մտածելակերպ։Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։ Թարգմանիչ՝ Նանե Մանուկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը: