Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

3 րոպեի ընթերցում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ հուլիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել են ազգային բարերար, հոգելույս Գառնիկ Յակուբյանի և Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ-ն։

Արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը և Յակուբյան ընտանիքի անդամներ ու հարազատներ, այս առիթով սփյուռքից ու Հայաստանից ժամանած ուխտավոր հայորդիներ։

Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվել են աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո Սրբալույս Մյուռոնով Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծել է դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Այս առիթով մատուռներում զետեղվել են նաև առաքյալների մասունքներ։

Բացման արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ազգային բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի, Յակուբյան և Չաթալպաշյան գերդաստանների ննջեցյալների հոգու խաղաղության համար։

Բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն է փոխանցել ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։ 

«Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ»,- նշել է նա։ 

Նորին Սրբությունը Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանին շնորհել է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշան, իսկ որդուն՝ Արամ Յակուբյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։

Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա են գտնվել Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել