Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:  

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որն «Արմենպրես»-ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բնապահպանական համաժողովին մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարին՝ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Խորհրդանշական է, որ այս չափազանց կարևոր թեմայի քննարկումը տեղի է ունենում Ալթայում, որը հայտնի է իր բնական գեղեցկությամբ։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, 

հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի 80%-ը կազմված է բարձրլեռնային շրջաններից: Մեր երկիրը հայտնի է իր կլիմայական գոտիների բազմազանությամբ՝ չորային մերձարևադարձայինից մինչև ալպյան: Հայաստանն ունի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ: Չորս ազգային պարկերը և երեք արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրանց թվում է Խոսրովի արգելոցը, որի հիմքում ընկած է մարդածին անտառը, որը հիմնադրվել է 4-րդ դարում՝ որպես թագավորական որսորդավայր: Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը, տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է:

Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են՝ մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ Ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։

Այդ իսկ պատճառով Հայաստանի կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ. ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է    ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար։

Ազգային կարիքներին և միջազգային պարտավորություններին ի պատասխան՝ 2021 թվականի մայիսին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2026 թվականների միջոցառումների ցանկը՝ այդպիսով սահմանելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և դրա պլանավորման ջանքերը երկրում՝ ապագայում մշտական և շարունակական հիմունքներով:

Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը:

Տիկնայք և պարոնայք,

Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր: 2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում:

Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026 թվականին:

Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները:

Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան: 

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հայերեն العربية Français Русский Türkçe

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26