Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն ունենալու է շարունակական զարգացում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստումների հետ կապված ծրագրեր, ինչպես նաև իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:

Արթուր Պողոսյանը բարձր գնահատելով Հնդկաստանի՝ որպես առաջատար և վստահելի գործընկերոջ դերը թվային քննության մեթոդների, միջազգային իրավական համագործակցության ոլորտում, անդրադարձել է քննիչների կարողությունների զարգացման կոնկրետ ոլորտների անհրաժեշտությանը, ինչը կարող է նպաստել վերջիններիս մասնագիտական կարողությունների զարգացմանը: 

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Քննչական կոմիտեի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով Հնդկաստանում վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ, որոնք միտված են լինելու փորձի փոխանակման միջոցով առավել արդյունավետ դարձնել կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում քննիչների կարողությունները:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ միջազգային հարցումներն ամբողջությամբ կատարվում են և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը շարունակում է զարգանալ: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում