Հայաստան

13-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր առաջնություններում

3 րոպեի ընթերցում

13-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր առաջնություններում

13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնում։ 

Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն՝ պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։ 

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելուն Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։ 

«Շախմատիստի համար միջազգային ասպարեզում խաղալն անփոխարինելի փորձ է։ Վաղ տարիքից միջազգային մրցույթներին մասնակցելը ոչ միայն հղկում է մարզիկի հմտությունները, այլև վստահություն է հաղորդում նրան։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությունը կօգնի Գաբրիելային բարելավել իր վարկանիշը և նվաճել չեմպիոնական նոր տիտղոսներ»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։ 

Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։

2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։

 

Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչև 14 տարեկան չեմպիոնները։

Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում