Հայաստանն ու Բուլղարիան ընդլայնում են տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական համագործակցությունը
4 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը հուլիսի 16-ից Բուլղարիայի Հանրապետությունում մի շարք հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Բուլղարիայի փոխվարչապետ, նորարարությունների և աճի նախարար Տոմիսլավ Դոնչևը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, վավերացրել են փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում մի շարք ռազմավարական ուղղություններով՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում։
Նիստի շրջանակում պաշտոնապես բացվել է նաև Հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատը: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և նորաստեղծ պալատի նախագահ Լևոն Համբարձումյանը։

Սոֆիա այցի օրերին նախարար Հայրապետյանը ի թիվս բազմաթիվ հանդիպումների, քննարկումներ է ունեցել Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի, Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի, փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի, Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հետ։
Բոլոր հանդիպումներում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները, վերահաստատել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ գործակցության ընդլայնման համար։

Սոֆիայի տեխնոլոգիական պարկում (Sofia Tech Park) Մխիթար Հայրապետյանն այցելել է գերհամակարգչի կենտրոն, որը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է և ծառայում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, կլիմայական մոդելավորման և ռազմավարական արտադրական ոլորտներում նորարարական լուծումների մշակմանը։
Նախարար Հայրապետյանը ծանոթացել է սուպերհամակարգչի տեխնիկական հնարավորություններին, տվյալների մշակման ենթակառուցվածքներին, ինչպես նաև քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես AI և մեծ տվյալների (Big Data) համատեղ նախագծերում։
Այցի շրջանակում ներկայացվել են նաև սուպերհամակարգչի կենտրոնի զարգացման առաջիկա պլանները, այդ թվում՝ AI մոդելների արագացում, բարձր կատարողականության սերվերների ներդրում և միջազգային հետազոտական թիմերի ներգրավման նախաձեռնություններ։