ՏՏ

Մեկնարկել է Sevan Startup Summit 2025-ը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Sevan Startup Summit 2025-ը

Սևանա լճի ափին հուլիսի 20-ից մեկնարկել է Sevan Startup Summit 2025 համաժողովը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել Sevan Startup Summit-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը և SoftConstruct ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը։ 

Sevan Startup Summit-ն այս տարի անցկացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ 

ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ էր հատկացրել «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող Sevan Startup Summit 2025 միջոցառման կազմակերպման համար։

«Sevan Startup Summit-ը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կարևոր տարրերից մեկն է։ Այն հաջողությամբ հաստատել է իր ներկայությունը նաև մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների հետ ունենք երկարաժամկետ համագործակցության հստակ ձևավորված օրակարգ, և այդ երկրներում Summit-ն արդեն կազմակերպվում է ամենամյա ձևաչափով։ Այս պահին ունենք համագործակցության հստակ նախանշված ուղիներ նաև Հունգարիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Վստահ ենք, որ այդ նախաձեռնությունները ևս կյանքի կկոչվեն՝ Կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շարունակական աջակցությամբ»,- ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Sevan Startup Summit-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նույն ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տնտեսության նաև ոչ հումքային ոլորտների զարգացումը, և հատկապես այն ուղղությունների, որոնք բարձր հավելյալ արժեք են գեներացնում, ապահովում արտադրողականության աճ և խթանում տնտեսության կառուցվածքային վերափոխումը։ «Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ստարտափների կայացումը՝ որպես առավել դինամիկ, ճկուն, արագ զարգացող և մեծ ներուժ ունեցող բիզնեսներ։ Sevan Startup Summit-ը ոչ միայն հաջողված նախագիծ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, այլ նաև ունի գլոբալ բրենդ դառնալու և Հայաստանից տարբեր երկրներ արտահանվելու մեծ ներուժ»,-նշել էր նախարարը:

Ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Sevan Startup Summit-ը կունենա մոտ 15.000 այցելու, իսկ շուրջ 2000 մարդ կմնա վրանային ավանում: 

Sevan Startup Summit-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակիցների և հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրներից: Միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում՝ տարիներ շարունակ հյուրընկալելով արտասահմանյան ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք, Հայաստան գալով, իրենց հետ բերել են նաև տարիների փորձով ձևավորված միջազգային ստարտափ մշակույթ: 

Sevan Startup Summit-2025-ի շրջանակներում անցկացվելու են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում