Խոսրով  Խլղաթյան

Սևան քաղաքը պատրաստվում է աղբի տեսակավորմանը

2 րոպեի ընթերցում

Սևան քաղաքը պատրաստվում է աղբի  տեսակավորմանը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքն արդեն առաջիկա օրերի ընթացքում անցնելու է աղբի տեսակավորմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում Սևանի բիզնես կենտրոնում հուլիսի 18–ին անցկացվել է կենսաթափոնների կառավարմանն ուղղված համատեղ լուծումների մշակման աշխատաժողով, որին մասնակցել  են Սևանի բնակիչներ, ՏԻՄ ոլորտի, համայնքային կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովին մասնակցել են նաև «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Աշխատարանի բացման խոսքով հանդես է  եկել  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս, ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Աշխատաժողովի հաստատմամբ՝  2025 թվականի հուլիսի 21–ից Սևան քաղաքի սեփական սեկտորի բնակիչներին անհատապես կբաժանվեն աղբամաններ, իսկ բազմաբնակարան շենքերի մոտ տեղակայված աղբատեղիներում հին աղբամանները կփոխարինվեն նորերով։ Այն բազմաբնակարան շենքերում, որտեղ առկա են աղբատարներ՝ կփակվեն։ 

Հուլիսի 26-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի դիմացի հրապարակում կտրվի Սևանում թափոնների տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկը։ Նախատեսված են ուսումնական և տեղեկատվական մի շարք միջոցառումներ, որին  կմասնակցեն Սևանի բնակիչները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում