Հայրապետյանը և Դիլովը քննարկել են տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ-Բուլղարիա համագործակցության ընդլայնումը
1 րոպեի ընթերցում

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացմանը ու ներդրումային միջավայրի զարգացմանը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերին։
Ըստ աղբյուրի՝ նախարար Հայրապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և նորարարական հնարավորությունները՝ ընդգծելով Բուլղարիայի, ինչպես նաև ԵՄ մյուս երկրների հետ միջազգային համագործակցության նոր ուղիներ ստեղծելու և համատեղ նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու անհրաժեշտությունը։