Խաղաղությունն ավելի կարևոր է, քան առանց վիզայի ռեժիմը․ Վրաստանի վարչապետը պատասխանել է ԵՄ վերջնագրերին
2 րոպեի ընթերցում
Վրաստանի իշխանությունները պատասխանատու են խաղաղության և կայունության պահպանման համար, և Եվրամիության կողմից վերջնագրի դեպքում պատրաստ են ընտրել վիզային ռեժիմի ազատականացման վերացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը։
«Եթե հարցը դրվի այսպես. կամ խաղաղություն և կայունություն, կամ վիզային ռեժիմի ազատականացում, ապա, իհարկե, մենք կընտրենք խաղաղությունը և կայունությունը։ Սա վրաց ժողովրդի ընտրությունն է, այսպես է հարցը դրվում մեր առջև։ Վիզային ռեժիմի ազատականացումը նշանակում է միայն, որ Վրաստանի քաղաքացիները վիզա կունենան Եվրոպա մեկնելու համար։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին՝ խաղաղություն, կայունություն, ընտանեկան արժեքներ, սրանք գոյաբանական հարցեր են»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը։
Նա, միաժամանակ, նաև պատրաստակամություն է հայտնել բաց և իմաստալից երկխոսության բոլոր կողմերի հետ՝ ցանկացած հարցի շուրջ։
Կոբախիձեն նշել է, որ կառավարությունն ունի հստակ դիրքորոշում և հիմնավորված պատասխաններ բոլոր համապատասխան թեմաների վերաբերյալ։
«Մենք պատասխանատու ենք Վրաստանում խաղաղության, կայունության և զարգացման պահպանման համար։ Վրաց ժողովրդին շանտաժի ենթարկելը միայն այն պատճառով, որ նրանք չեն վերադարձրել իշխանության արյունոտ քաղաքական ուժին, անարդար է»,-ասել է Կոբախիձեն։
Միգրացիայի հարցերով Եվրոպական հանձնաժողովը նամակ է ուղարկել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն վիզային ռեժիմի պահպանման վերջնական պայմանների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերացման և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ։
Նամակում նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ 2024 թվականի զեկույցն ընդգծում է Վրաստանում հիմնարար իրավունքների և ազատությունների լուրջ խախտումները, այդ թվում՝ խտրականության բացառման սկզբունքի խախտումների առումով, որոնք հակասում են համապատասխան եվրոպական և միջազգային չափանիշներին։