Ռումինացի և հույն կինոարտադրողները հյուրընկալվել են «Ոսկե ծիրան»-ին

4 րոպեի ընթերցում

Ռումինացի կինոպրոդյուսեր Ադա Սոլոմոնն ու հույն կինոռեժիսոր Աթինա Ռախիլ Ցանգարին բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, մինչև նրանց հաջողվել է ստեղծել ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել տարբեր կինոփառատոններում։ Նրանք կարծում են՝ եթե կինոարտադրողն իսկապես ցանկանում է կինո ստեղծել և այն մատուցել հանրությանը, դա նրան կհաջողվի՝ անկախ բոլոր խոչընդոտներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոգործիչները Երևան են ժամանել՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Հուլիսի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք հավաստիացրին՝ կինոն արվեստի հրաշալի ճյուղ է, սակայն, եթե վստահ չես, որ կարող ես պայքարել դրա համար, չարժե վատնել կյանքը, որը շատ կարճ է։ 

Ադա Սոլոմոնն ավելի քան 60 ֆիլմ է ստեղծել։ Մարքեթինգի ոլորտում կարիերան սկսելուց հետո 1993 թվականին նա անցում է կատարում կինոարդյունաբերությանը՝ 1995 թվականին նկարահանելով իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ասֆալտի տանգոն»։

2004 թվականին նա հիմնադրում է HiFilm Productions-ը, որի միջոցով համագործակցում է բազմաթիվ ճանաչված ռեժիսորների, այդ թվում՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլիի հետ։ 

Խոսելով ռումինական կինոյի զարգացման մասին՝ նա նշեց՝ տարիներ առաջ ռումինական ֆիլմերը եղել են մինիմալիստական թե՛ սյուժեի, թե՛ տրամադրված բյուջեի առումով։

«Ռեսուրսները շատ սահմանափակ էին։ Նկարահանում էինք ֆիլմեր, որոնք կարող էին համապատասխանել այդ բյուջեին։ Կադրերը ստատիկ էին, տեխնիկական քիչ միջոցներ էինք օգտագործում։ Մոտեցվող կադրեր չէինք ունենում և այլն։ Մեզ չէր աջակցում կառավարությունը։ Որոշ ռեսուրսներ տրամադրում էին, բայց լոբբինգ չկար։ Դա անում էին ֆիլմարտադրողներն իրենց կապերի, ծանոթությունների հաշվին։ Այդ գործում մեծ դերակատարություն ունեին նաև կինոքննադատները։ Նրանք  ևս նպաստեցին ռումինական կինեմատոգրաֆի առաջընթացին՝ նոր հնարավորություններ բացելով նրա առաջ»,-շեշտեց Սոլոմոնը։

Պրոդյուսերը խոստովանեց, որ բարձր է գնահատում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը,  վաղուց գիտի, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, սակայն իրականում Հայաստան է եկել Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելելու համար։ Տպավորված է, ազդված։ 

Աթինա Ռախիլ Ցանգարին ժամանակակից կինոյում հայտնի է իր յուրահատուկ ոճով։ Նրա նշանակալի ռեժիսորական աշխատանքների թվում են The Slow Business of Going-ը, Attenberg-ը, Chevalier-ը։

Ցանգարին խոստովանեց՝ երբեմն իրեն թվում է, թե մշտապես փորձում է ինչ-որ բան հաղթահարել։ «ԱՄՆ-ում եմ կրթություն ստացել։ Իմ առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել եմ վարկերով։ Դրամաշնորհները շատ փոքր էին, իսկ ամենամեծ թղթադրամն իմ ընկերներն էին, որոնք աջակցում էին ինձ։ Կարողացա աշխարհի հինգ երկրում ինը լոկացիա ընտրել։ Ամեն տարի մի հատվածում երեքից չորս դրվագ էի նկարահանում։ Դա էր իմ միջոցը։ Ես մի երկրից եմ, որտեղ հստակ չկար կինոյի դպրոց։ Ինքս էի սովորում։ Ֆիլմերիս ամեն դրվագ մի ժանրի էր պատկանում։ Ինքնակրթությամբ էի զբաղվում ու փորձում նկարահանման խմբին վճարել։ Այդ մարդկանց մեծ մասը դեռ ինձ հետ աշխատում է։ Բոլորը տարբեր երկրներից են»,-ասաց ռեժիսորը։ 

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն նեկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Պատվավոր հյուրերից են Ամիր Նադերին, Ջաֆար Փանահին, Մարկո Մյուլերը, Աբդեռահման Սիսակոն և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ 

 

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը