Վարչապետը ՇՀԿ-ին անդամակցելու որոշումը բալանսավորված արտաքին քաղաքականության գործնական արտահայտումն է համարում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու մասին Երևանի որոշումը տեղավորվում է Հայաստանի վարած բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, որն իր գործնական արտահայտումը պետք է ունենա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
«Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն` այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետև նաև քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Իհարկե, սա միակ ու ամենամեծ պատճառը չէ, բայց սա էլ է մեկ հանգամանք»,-շեշտեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել բալանսավորման և բալանսավորված քաղաքականությունը։
«Երբ ես ասում եմ, որ Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում, սա պետք է գործնական արտահայտություն ունենա»,-նշեց Փաշինյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի որոշում է կայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ ներկայացնել։