«Ոսկե ծիրան»-ի գերմանական և ֆրանսիական ծրագրերում կցուցադրվեն եվրոպական կինոյի լավագույն նմուշները

9 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցել մի շարք գործընկերների հետ, որոնց շնորհիվ փառատոնի շրջանակում ցուցադրվում են համաշխարհային կինոյի լավագույն նմուշները,  հրատարակվում է օրաթերթ, որում տեղ են գտնում հետաքրքիր վերլուծություններ ցուցադրվող ֆիլմերի, հյուրերի մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանն ասաց, որ ամեն տարի փառատոնին նոր գործընկերներ են միանում։ «Ունենք գործընկերներ, որոնց հետ համագործակցությունն ավանդական է դարձել, օրինակ՝ Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական և Գյոթե ինստիտուտները։ Ունենք ավանդական դարձած գերմանական, ֆրանսիական ֆիլմերի ծրագրեր։ Մի քանի տարի է՝ մեր կողքին է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը, որի աջակցությամբ լույս է տեսնում մեր օրաթերթը։ Օրաթերթը հիմնել է հայտնի հոլանդացի կինոքննադատ Պիտեր վան Բյուրենը, նրա սաները շարունակում են օրաթերթի թողարկումը, որը փառատոնի այցեքարտերից է»,-շեշտեց Հարությունյանը։

ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հիշեցրեց, որ դեսպանությունը փառատոնին աջակցում է 2021 թվականից։ Նրա խոսքով՝ էական է ոչ միայն փառատոնի կազմակերպումը, որը մեծ իրադարձություն է, այլև ցուցադրվող ֆիլմերի շուրջ ծավալվող քննարկումները, որոնք մեծացնում են կինոարվեստի նկատմամբ հետաքրքրությունը։

«Ոսկե ծիրան»-ի ֆրանսիական ծրագրում ցուցադրվելու է 12 կինոնկար։ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը տեղեկացրեց, որ ֆիլմերից մի քանիսը բացառապես ֆրանսիական են, մի քանիսն էլ՝ համատեղ արտադրության։

«Համարտադրությամբ ֆիլմերից ուշագրավ է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական կինոնկարը։ Թամարան երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Նա մեզ հետ համագործակցել է «Եվրասիա Doc» ծրագրի շրջանակում։ Թամարայի ֆիլմերի հաջողությունները նաև այդ ծրագրի հաջողության խոսուն վկայությունն են։ Ծրագրի շրջանակում հայ կինոգործիչները հնարավորություն են ունենում մասնակցելու սցենարների, ռեժիսուրայի և այլ աշխատարանների։ Ինչպես Թամարան, այնպես էլ այլ հայ կինոռեժիսորներ, որոնց մեջ գերակշռում են կանայք, այդ ծրագրի միջոցով կարողանում են իրականություն դարձնել կինոյի հետ կապված իրենց նախաձեռնությունները»,-նշեց Տյուրսն ու հիշեցրեց, որ նախորդ տարի Ստեփանյանը նկարահանել է «Արտոյի երկրում» լիամետրաժ ֆիլմը, որի պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։

Վերադառնալով 22-րդ «Ոսկե ծիրան»-ին ցուցադրվող ֆիլմերին՝ Դավիդ Տյուրսը խոսեց փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆրանսիական արտադրության «Իմ անբաժանելին» ֆիլմի մասին, որը էկրաններին կլինի հուլիսի 15-ին։ Ֆիլմով կմեկնարկի ֆրանսիական ծրագիրը։ 

Գյոթե ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանն էլ շեշտեց՝ քսան տարի փառատոնի կողքին են և փորձում են ընդգրկել համաշխարհային կինոարտադրության ամենահետաքրքիր ֆիլմերն ու մասնագետներին։ «Այս տարի գերմանական ֆիլմերի ծրագիրը, որը կրում է «Արտադրված է Գերմանիայում» անվանումը, կմեկնարկի հուլիսի 15-ին Քրիստիան Պեցոլդի «Հայելիներ» ֆիլմով։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում։ Պեցոլդի գրեթե բոլոր ֆիլմերը տարիների ընթացքում ցուցադրվել են «Ոսկե ծիրան»-ին. «Հայելիները» նրա եռագրության վերջին մասն է։ Եռագրությունը նվիրված է բնությանը։ Ռեժիսորն ասել է, որ կինոնկարները այն մարդկանց մասին են, որոնք կրկին սովորում են լսել, տեսնել և զգալ»,-նշեց Գուրզադյանը։

Նա հավելեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի  շրջանակում  ցուցադրվելու է Սերգեյ Լոզնիցայի «Երկու դատախազ» ֆիլմը, որը հիմնված է խորհրդային գրող Դիմիդովի համանուն վեպի վրա։ Այն պատմում է ստալինյան բռնաճնշումների, տոտալիտար համակարգում ապրելու, անհատների՝ նման համակարգերում ոչնչացման մասին։ «Ուրախ ենք, որ տարածաշրջանային մրցութային ծրագրում ցուցադրվելու է  գերմանաեգիպտական ֆիլմ։ Խոսքն «Աբո Զաբալ 89» կինոնկարի մասին է։ Այն անդրադառնում է 1989 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։ Կարճամետրաժ ֆիլմերի շրջանակում էլ կցուցադրվի գերմանաբնակ ռուս ռեժիսորներից մեկի «Գոռ. փախած Լեռնային Ղարաբաղից» կինոնկարը»,-տեղեկացրեց Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչն ու ընդգծեց՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ժյուրիի նախագահը կլինի գերմանացի հանրահայտ ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենը։ Նրա մասնակցությամբ աշխատարան է անցկացվելու։

22-րդ «Ոսկե ծիրան»-ին է միացել Բելգիայի Թագավորության դեսպանությունը։ Դեսպանատան աջակցությամբ փառատոնին ցուցադրվելու է Դարդեն եղբայրների նոր՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմը։ Այն Կաննի կինոփառատոնում մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար։ Երկու տարի առաջ Դարդեն եղբայրները ներկա էին «Ոսկե ծիրան»-ին և արժանացել են «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակի։

Հանդիպման ավարտին Սուսաննա Հարությունյանն անդրադարձավ GAIFF Pro  հարթակին, որն անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։ «Այն «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շարունակությունն է։ Այս տարի յուրատեսակ մեծ ծրագրով ներկայացվելու են ընտրված նախագծերը։ Անցկացվելու են փիթչինգներ, կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթ։ Ներկա կլինեն միջազգային պրոդյուսերներ, վաճառքի գործակալներ, նախագծերի զարգացման մասնագետներ, որոնք կաշխատեն ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային նախագծերի հետ, քանի որ GAIFF Pro հարթակը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար է։ Կան մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Լիբանանից և այլն»,-շեշտեց Սուսաննա Հարությունյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, կինոգործիչներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ 

Նրանցից են իրանցի ականավոր ռեժիսոր Ամիր Նադերին, Կաննի կինոփառատոնի և «Սեզար»-ի մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն, անվանի օպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը և այլք։

Ֆիլմերի ցուցադրությունների հիմնական վայրերն են Կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։

Դավիդ Տյուրս, Սուսաննա Հարությունյան, Մարիկե Մոնրոյ-Վինթեր. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Դավիդ Տյուրս. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Սուսաննա Հարությունյան, Մարիկե Մոնրոյ-Վինթեր. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Մարիկե Մոնրոյ-Վինթեր. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Դավիդ Տյուրս, Սուսաննա Հարությունյան, Մարիկե Մոնրոյ-Վինթեր. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Սուսաննա Հարությունյան. Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս

Հայերեն Français

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում