ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԽԿԿ/CPT 117-րդ լիագումար նիստին
1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Վրաստան, Հունաստան, Ավստրիա, Հունգարիա, Կիպրոս և Թուրքիա։
Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է: