Հայաստան

Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին

7 րոպեի ընթերցում

Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին

Ճանապարհային անվտանգությունը սկսվում է անվտանգ և ապահով վարքագծից, մտածելակերպից և մշակույթից։

ՄԱԿ-ի տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարներից ստացվող վնասվածքներն ամբողջ աշխարհում մահվան և հաշմանդամության տանող ծանր վնասվածքների առաջնային պատճառներից են․ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 1.2 միլիոն մարդ, իսկ 50 միլիոնը՝ ստանում վնասվածքներ: 

Ճանապարհային անվտանգության թեմայի շրջանակում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ներկայացնում է տեսանյութ՝ փողոցը ճիշտ անցնելու վերաբերյալ․ երեխաներին վաղ տարիքից սովորեցրե՛ք ճանապարհային անվտանգության կանոնները և հետևեք, որ պահպանեն դրանք։


Տվյալները վկայում են՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների ամենախոցելի խումբը երեխաներն են, ովքեր հիմնականում տուժում են մեծահասակների անուշադիր կամ անպատասխանատու  մոտեցումների հետևանքով:


Հայաստանում 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 629-ը:

2025 թվականի միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցությամբ պատահարներից զոհվել է 4 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել 220-ը: Զոհերից երկուսը եղել են ուղևորներ, երկուսը՝ հետիոտն, իսկ մարմնական վնասվածքներ ստացածներից  143-ը եղել են ուղևորներ, 77-ը՝ հետիոտն:

Այս դեպքերի զգալի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները… 

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկները հիշեցնում են՝ մեքենայի անվտանգության ամրագոտին և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղը կյանքեր են փրկում:  

Անի Պետրոսյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու
Անի Պետրոսյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու

«Ուիգմորի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (ԱԲԲ), գրեթե ամեն օր ականատես ենք լինում ճանապարհային պատահարներից տուժած, ծանր վնասվածքներով երեխաների, ողբերգական իրավիճակների։ Ցավոք՝ ոչ միշտ է հնարավոր լինում փրկել երեխայի կյանքը կամ լիովին վերականգնել առողջությունը։ Սրանք դեպքեր են, որոնց մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանվեին ճանապարհային անվտանգության հիմնական կանոնները», - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու Անի Պետրոսյանը։ 


«Բժշկի համար ամենածանրը գիտակցումն է, որ դեպքերի մեծամասնությունը հնարավոր էր կանխել մեկ գործողությամբ. երեխային մեքենայում տեղափոխել միմիայն իր տարիքին և քաշին համապատասխան հատուկ նստատեղի մեջ և ամրացնել գոտիներով։ Սա ֆորմալություն չէ, սա կյանք փրկող որոշում է», – ընդգծում է Ա․Պետրոսյանը։


Երեխաների մոտ ավտովթարներից հետո ամենահաճախ հանդիպող վնասվածքներն են՝

  • գանգուղեղային վնասվածքներ,
  • տարբեր ծանրության կոտրվածքներ,
  • համակցված տրավմաներ՝ ներքին օրգանների վնասումով։
Էդուարդ Ասատրյան, մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու
Էդուարդ Ասատրյան, մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու

«Երեխայի ուղեղն ակտիվ զարգանում ու աճում է․ անգամ թեթև հարվածը կարող է երկարաժամկետ հետևանքների պատճառ դառնալ՝ խոսքի, հիշողության, շարժման խանգարումների։ Ցավոք, մենք տեսնում ենք դեպքեր, երբ անգամ ամենաառաջադեմ բժշկությունն ի զորու չէ վերականգնել այն, ինչ վնասվել է վթարի ժամանակ», – նշում է մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։

Ըստ մասնագետի խոսքերի, անվտանգության մասին հոգատարությունը երեխայի հանդեպ սիրո առաջնային դրսևորումներից է։ 

Սկզբից՝ ձախ, հետո՝ աջ.

կարևոր հիշեցում բոլոր երեխաներին, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը:

Սիրով՝ Ձեր Ուիգմոր

Աիդա Պապիկյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական թերապևտիկ ստացիոնար ծառայությունների պատասխանատու
Աիդա Պապիկյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական թերապևտիկ ստացիոնար ծառայությունների պատասխանատու


«Ուիգմորում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհային անվտանգության մասին իրազեկվածությանը։ Տեսեք, ծնող դառնալուց ի վեր սովորեցնում ենք ծնողներին ինչպես ճիշտ կերակրել կամ հագցնել երեխաներին, և չենք մոռանում ասել ամենակարևորը՝ ինչպես ճիշտ և անվտանգ տեղափոխել երեխային մեքենայում. միշտ օգտագործել մանկական նստատեղ (carseat) և երբեք երեխային առանց ամրակապելու չտեղափոխել, անգամ շատ կարճ ճանապարհին», – ասում է մանկաբույժ Աիդա Պապիկյանը:

«Ուիգմոր»-ում հորդորում են․ մշտապես աչալուրջ լինել և հետևել երեխաների անվտանգությանը երթևեկելիս:


• Միշտ ամրակապվե՛ք։

• Սովորեցրեք երեխային՝ ինչո՞ւ է անվտանգությունը կարևոր։

• Ընտրեք երեխայի տարիքին, քաշին և հասակին համապատասխան մեքենայի նստատեղ.

- Ետ նայող նստատեղ՝ ծննդյան պահից առնվազն մինչև 2 տարեկան։

- Առաջ նայող նստատեղ՝ ամրագոտիով՝ մոտավորապես մինչև 4–7 տարեկան։

- Բուստեր նստատեղ՝ մինչև 8–12 տարեկան երեխայի համար, երբ ամրագոտին ճիշտ է տեղադրվում։

• Ճիշտ ամրացրեք երեխային նստատեղին.

- Կրծքավանդակի ամրակետը պետք է լինի բազկի մակարդակում։

- Գոտիները պետք է լինեն սեղմված՝ առանց ազատ հատվածի ուսերի մոտ։

• Մի՛ հագցրեք հաստ հագուստներ կամ բաճկոններ՝ գոտիներն այդ դեպքում արդյունավետ չեն լինում։

• Ստուգե՛ք նստատեղի ժամկետը և վիճակը.

- Նստատեղերը հաճախ ունեն 6–10 տարվա ժամկետ։

- Մի՛ օգտագործեք հին, վնասված կամ անհայտ ծագում ունեցող նստատեղեր։

• Մի՛ շտապեք նստատեղի հաջորդ փուլին անցնել.

- Պահպանե՛ք ետ նայող դիրքը հնարավորինս երկար։

- Բուստերին անցեք միայն երբ երեխան գերազանցում է ամրագոտու սահմանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում