Տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով  և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

«Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնել, որ  այդ որոշումը կապահովի Ծառայության հետագա բնականոն զարգացումը, քանի որ Պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժ: 

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն, կա գիտելիք, որովհետև առանց այդ ամենի հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ»,- հավելել է վարչապետը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է պրոֆեսիոնալ շարունակական զարգացման խթանների կարևորության՝ կամավոր ատեստավորման մասին, ինչպես նաև ծառայողի կողմից պարտականությունների կատարման համար պատշաճ միջավայրի և պայմանների ստեղծման, ծառայության տեխնիկական և նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորման մասին: «Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ եմ Ծառայության աշխատանքից: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար այն ըմբռնմամբ, որ մենք պետք է ոչ մի վայրկյան չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղն արդեն կարող է բավարար չլինել»,- նշել է վարչապետը և մաղթել հաջողություն ու բարի ծառայություն:  

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում