Երևանի քաղաքապետարանի նոր հարթակը բոլոր ծառայություններից հեռավար օգտվելու հնարավորություն է ընձեռում
4 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հունիսի 30-ին ներկայացրեց իր բոլոր ծառայությունները ներառող էլեկտրոնային նոր հարթակը, որը կոչված է հեշտացնելու բնակիչների կապը քաղաքը կառավարող կառույցի հետ և համացանցին հասանելիություն ունեցող կապի անհատական միջոցներով ցանկացած վայրից իրականացնելու դրանից բխող անհրաժեշտ գործառույթներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նոր հարթակի մասին հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Նա նշեց, որ YES հարթակում ներկայացված են Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակառուցվածքների տրամադրած բոլոր ծառայությունները: Եվս մեկ անգամ հիշեցվեց՝ այս հարթակը էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակն արդեն հասանելի է yes.yerevan.am հղումով:
«Հարթակից օգտվելը շատ հեշտ է. դրանում ընդամենը մեկ անգամ գրանցվելուց հետո քաղաքացին կարող է օգտվել բոլոր ծառայություններից, ծանոթանալ իր պարտավորություններին, վճարել դրանց համար: Համակարգն ինքնաշխատ եղանակով ճանաչելով գրանցված և համակարգ մուտք գործած քաղաքացուն՝ կարող է ամբողջությամբ ներկայացնել նրան պատկանող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, հաշվարկել դրանց դիմաց առկա պարտավորությունները: Այլևս կարիք չկա հիշել անշարժ գույքի կադաստրային ծածկագրերը կամ դրա վկայականների համարները, կամ էլ դրանք գտնելու համար այցելել «Մեկ պատուհան» ծառայություններ: Բոլոր պարտավորությունների համար հնարավոր է վճարել մեկ հպումով»,- ներկայացրեց Սարգիս Մանուկյանը:
Նշվեց, որ որպես ֆիզիկական անձ մուտք գործելու դեպքում համակարգը զտում և ներկայացնում է միայն ֆիզիկական անձանց հասանելի ծառայությունները, որոնցից քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտը, ներկայացնել դիմում և ստանալ դրա պատասխանները:
Սարգիս Մանուկյանն արձանագրեց, որ ի տարբերություն նախկինում նմանատիպ ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռող yerevan.am կայքի՝ նոր հարթակում ներառված է «քաղաքացու սեփական էլեկտրոնային գրասենյակ» գործիքը: Այստեղ պահպանվելու են քաղաքապետարանի հետ բնակչի շփման բոլոր փաստաթղթերը և նյութերը:
«Երբ քաղաքացին որևէ դիմում ներկայացնի՝ համակարգը նրան կտրամադրի դրա վերաբերյալ մանրամասներ, կհուշի, թե ինչ կից փաստաթղթեր են պետք և ինքնաշխատ կգեներացնի դիմումի ձևաթուղթը: Անհրաժեշտ է ընդամենը կցել անհրաժեշտ ֆայլերը, ներառել դրանց մասին համապատասխան տեղեկատվությունը և սեղմել «ուղարկել» կոճակը: Դրանից հետո դիմումը կհասնի Երևանի քաղաքապետարան, կմշակվի, կկատարվեն անհրաժեշտ գործողություններ և պատասխանը նույն հարթակի միջոցով կտրամադրվի քաղաքացուն»,- ասաց նա:
Սարգիս Մանուկյանը ներկայացրեց հարթակի նոր հնարավորություններից ևս մեկը.
«Եթե համակարգ մուտք գործած անձը որևէ ընկերության ղեկավար կամ պատասխանատու է՝ համակարգն ինքնաշխատ եղանակով գտնում է նրա հետ փոխկապակցված ընկերությունները, ստեղծում և նրա օգտահաշվին է կցում «Իրավաբանական անձի գրասենյակ» ֆայլը: Հայտնվելով այդ ընկերության օգտահաշվում՝ տվյալ անձը կարող է տեսնել այդ ընկերության դիմումները, պարտավորությունները և ընկերության վերաբերյալ այլ տեղեկատվություն, ընկերության անունից դիմումներ ներկայացնել քաղաքապետարան և ստանալ պատասխաններ»:
Ըստ Սարգիս Մանուկյանի՝ այս գործիքն իրենց հնարավորություն կտա փորձառություն կուտակել և աստիճանաբար ֆունկցիոնալ նոր հնարավորություններ ավելացնել համակարգում, համակցել նոր մոդուլներ և, ընդհանրապես, զարգացնել հարթակը: