Չինաստան

Աշխարհահռչակ Lenovo-ի տյանցզինյան արդյունաբերական համալիրն ապագայամետ  ու «խելացի» արտադրության մոդել է

4 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ Lenovo-ի տյանցզինյան արդյունաբերական համալիրն ապագայամետ  ու «խելացի» արտադրության մոդել է

Չինաստանի Տյանցզին քաղաքում գտնվող աշխարհահռչակ Lenovo-ի արդյունաբերական համալիրը հանդիսանում է ընկերության երկրորդ միջազգային կենտրոնակայանը, ինչպես նաև «խելացի» արտադրության խոշոր հարթակ: 

«Արմենպրես»-ի թղթակիցը չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված China Up Close միջազգային լրագրողական ծրագրով այցելել է Չինաստանի ամենահավակնոտ արդյունաբերական նախագծերից մեկը հանդիսացող՝ Lenovo Smart Innovation Service Industrial Park, որը գտնվում է Տյանցզինում: 

Ինչպես հայտնեցին արտադրական կենտրոնի ներկայացուցիչները՝ այստեղ տարեկան արտադրվում է ավելի քան երեք միլիոն սարք ՝ հեռախոսներ, նոթբուքեր, սերվերներ, սարքավորումների հիմնական սխեմաներ և այլ տեխնիկա: Հատկանշական է, որ արտադրական հոսքագծից յուրաքանչյուր 9 վայրկյանը մեկ թողարկվում է նոթբուք: 

IMG_20250622_225759_1-1536x977.jpg

Համալիրն, ընդհանուր առմամբ, համատեղում է թվայնացումը, ավտոմատացումը, արհեստական բանականությունը և կայուն զարգացումը մեկ համակարգում:

Արտադրական գործընթացն ավտոմատացված է 85 տոկոսով, ինչը հնարավոր է դարձել ռոբոտային համակարգերի, թվային լոգիստիկայի և «հարմարվող» կառավարման հարթակների համադրման շնորհիվ:

Արտադրական համակարգում առանցքային դեր ունի արհեստական բանականությունը, որը ներկառուցված է արտադրական և լոգիստիկ շղթաներում։

 Ձեռնարկությունում ներդրվել է APS պլանավորման «խելացի» համակարգ, որն ունակ է հաշված րոպեների ընթացքում վերահաշվարկել արտադրության գրաֆիկները՝ կախված արտաքին պայմաններից՝ լինի պահանջարկի փոփոխություն, մատակարարման խափանումներ, տեխնիկական նրբություններ։ 

ԱԲ-ի ներդրումը թույլ է տվել արտադրությունն ավելացնել 19 տոկոսով, իսկ լոգիստիկան արագացնել 3,2 անգամ: 

Բոլոր տվյալները հավաքվում և վերլուծվում են իրական ժամանակում, ներառյալ՝ ջերմաստիճանի ցուցանիշները, սարքավորումների վիճակը, դրանց հավաքման արդյունավետությունը:

Այստեղ լուրջ ուշադրություն է դարձվում նաև ածխածնային արտանետումների կրճատմանը՝ ընդհուպ դրանք զրոյական մակարդակի հասցնելու համար:

Այդ նպատակով տեղադրված են ավելի քան 30,000 քառակուսի մետր մակերեսով արևային վահանակներ, որոնք տարեկան արտադրում են մինչև 5 միլիոն կՎտ. ժ էլեկտրաէներգիա, կանխելով համապատասխան ծավալի  արտանետումները: 

Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ նոր սերնդի արտադրություն ստեղծելու և բնապահպանական լուրջ միջոցառումների փիլիսոփայության տրամաբանական շարունակությունն է Lenovo Future Center-ը, որը գտնվում է նույն տարածքում: Այն ինտերակտիվ տաղավար է, որը համատեղում է թանգարանի, գիտական լաբորատորիայի և գաղափարների կենտրոնի գործառույթները: Կենտրոնի այցելուն, բացի ընկերության նորույթներին ծանոթանալուց, կարող է պատկերացում կազմել Lenovo-ի էվոլյուցիայի մասին

Այստեղ արհեստական բանականությունը բացահայտվում է ավելի լայն համատեքստում ՝ «խելացի» քաղաքների թվային երկվորյակների ցուցադրումից մինչև նեյրոցանցային լուծումներ, որոնք ունակ են ինքնավար աշխատել ՝ առանց ամպային մշտական կապի:

Այս համալիրում արհեստական բանականությունը միաժամանակ կառավարում է էներգիան, նյութատեխնիկական ապահովումը, որակը և բնապահպանական գործընթացները:

Lenovo-ն մտադրություն ունի մինչև 2050 թվականը հասնել ածխածնային արտանետումների ամբողջությամբ վերացմանը՝ կառավարման յուրաքանչյուր մակարդակում ԱԲ-ի ներդրման միջոցով՝ սկսած պլանավորումից, մատակարարումից մինչև սարքավորումների սպասարկում ու ռիսկերի կանխատեսում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում